Foto

Անկանխիկ գործարքի գումարի հետվճարի չափը կազմելու է 2 տոկոս

Կառավարությունը հաստատել է «Արմենիան քարդ» ՓԲԸ-ի կողմից գործարկվող «Արքա» վճարային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց կողմից կատարված անկանխիկ եղանակով վճարումներից հետվճար տրամադրելու միջոցառումը և կարգը: «Արմենպրես»-ի մամուլի սրահում ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդգար Մկրտչյանը, ներկայացնելով միջոցառման մանրամասները, նշեց, որ 2026 թվականի հունվարի 1-ից անկանխիկ գործարքի գումարի հետվճարի չափը կազմելու է 2 տոկոս։


«Հետվճարի 2 տոկոսից 1 տոկոսը տալու է պետությունը, իսկ մյուս 1 տոկոսը «Արմենիան քարդ» ընկերությունը։ Գումարը հետ է վերադարձվելու մինչև հաջորդ ամսվա 25-ը։ Գործարքները պետք է լինեն 1000 դրամից ավելի։ Մեկ գործարքի դեպքում առավելագույն հետ վերադարձի գումարը սահմանափակված է 6 հազար դրամ, իսկ մեկ ֆիզիկական անձի հաշվով ամսական հանրագումարային հետ վերադարձի չափը կլինի 60 հազար դրամ։ Նշեմ, որ խոսքը բացառապես «Արքա» տեսակի քարտերին է վերաբերում»,-ասաց նախարարի տեղակալը։

Որոշ սահմանափակումներ կան մի շարք ծառայությունների գծով, երբ չի փոխհատուցվելու ծախսը։ Այդ ուղղություններն են՝ կապ, կոմունալ վճարումեր, պետական և համայնքային բյուջեների օգտին կատարվող վճարումներ, խաղատներ, խաղային ծառայություններ, կրիպտոծառայություններ, ազարտային խաղեր, թանկարժեք քարերի ու մետաղների առք ու վաճառք։

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդգար Մկրտչյանը տեղեկացրեց, որ ցանկացողները կարող են ձեռք բերել «Արքա» քարտեր։ Ներկայում քննարկվում է, որ առաջիկայում թողարկվեն համատեղ քարտեր։ Դրանցով կատարված անկանխիկ գործարքները ևս հաշվի կառնվեն ու կփոխհատուցվեն։

Վերջին տվյալների համաձայն՝ Հայաստանում «Արքա» քարտերի թիվը կազմում է 500 հազար։