Foto

ՀՀ ՄԻՊ–ը ներկա է գտնվել ազատությունից զրկված անձանց ստեղծագործական աշխատանքների բարեգործական ցուցահանդես-վաճառքին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մասնակցել է ազատությունից զրկված անձանց ստեղծագործական աշխատանքների բարեգործական ցուցահանդես-վաճառքի և համերգային միջոցառման։

Ինչպես «Արմենպրես»–ը տեղեկանում է ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրությունից, Պաշտպանն այցելել է ցուցասեղանների տարածք, ծանոթացել ազատությունից զրկված անձանց ձեռքի աշխատանքներին և կատարել գնումներ։ Ցուցահանդես-վաճառքից գոյացած ողջ հասույթը փոխանցվելու է «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնին։

Միջոցառմանը ներկա են եղել Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը, Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար Ռուստամ Բաքոյանը, Արդարադատության նախարարության, Կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Քրեակատարողական ծառայության, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներ, ինչպես նաև այլ հյուրեր։

Ալեքսանդր Սպենդարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հետ համագործակցությամբ կազմակերպված համերգային ծրագրին կատարումներով հանդես են եկել Թատրոնի առաջատար մեներգիչները։

Միջոցառման ավարտին Անահիտ Մանասյանը հանդես է եկել ելույթով և շնորհավորել ներկաներին գալիք տոների առթիվ: Պաշտպանը մաղթել է, որպեսզի գալիք տարին բերի նոր հույսեր և ուժ՝ կառուցելու մի աշխարհ, որտեղ յուրաքանչյուրը կզգա, որ ինքն արժևորված է, իսկ մարդու իրավունքները` հարգված և պաշտպանված: