Ոչ ոք այսօր չի կարող 100%-ով ասել՝ ով ինչ արդյունքի կհասնի: Մենք մեր ժողովրդի հետ գտնվում ենք հաղորդակցության մեջ, մեր ժողովուրդն է ընտրելու: Հայ ժողովուրդն ունի իր կամքը, ունի իր ձայնը, ունի իր կարողությունը՝ մտածելու հասկանալու, ըմբռնելու, համեմատելու ծրագրերը, համեմատելու անձանց, որոնք հավակնում են իշխանություն վերցնելու: Այս մասին ասուլիսում ասել է ՀԱԿ կուսակցության վարչության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի «Միասնության թևեր» նախաձեռնության հետ հնարավոր համագործակցության մասին Զուրաբյանն ասել է. «Մենք բավականին երկար բանակցել ենք այդ ուժի հետ, այս վերջին ամիսներին նման խոսակցություն և բանակցություն չկա։ Թե ինչ կլինի՝ չգիտեմ, ինձ համար մի քիչ անհասկանալի են իրենց քաղաքական ուղերձները, բայց դա ես որպես մեղադրանք չեմ ներկայացնում: Ապագայում կարող են լինել ինչ-որ բանակցություններ, կտեսնենք։ Ես ինչ-որ մեկին հատուկ չեմ բացառում։ Ես կարծում եմ, որ կան ավելի կարևոր ուժեր, որոնց հետ արժե լրջորեն բանակցել»,-նշել է Լևոն Զուրաբյանը։
Նշենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ ՀԱԿ-ը կմասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին, վարչապետի թեկնածուն է Լևոն Զուրաբյանը:









