Foto

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Առնե Սլոտը հայտնել է, որ ցանկանում է թիմում տեսնել Մոհամեդ Սալահին

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Առնե Սլոտը հայտնել է, որ ցանկանում է թիմում տեսնել հարձակվող Մոհամեդ Սալահին, չնայած վերջին շրջանում ծագած տարաձայնություններին։

Նախորդ շաբաթ եգիպտոսցի հարձակվողը մեղադրել էր Սլոտին՝ իրեն ընթացիկ մրցաշրջանի անհաջող արդյունքների համար «քավության նոխազ» դարձնելու մտադրության մեջ։ Ավելի ուշ Սալահը չէր ընդգրկվել Չեմպիոնների լիգայի՝ «Ինտերի» դեմ խաղի հայտացուցակում (1:0)։ Դրանից առաջ նա բաց էր թողել Անգլիայի առաջնության երկու հանդիպում, իսկ «Սանդերլենդի» դեմ խաղում փոխարինման էր դուրս եկել միայն երկրորդ խաղակեսում։

«Այսօր ես կխոսեմ Մոյի հետ, և այդ զրույցի արդյունքից է կախված, թե ինչպես կզարգանան իրադարձությունները վաղը։ Վերջին շաբաթվա ընթացքում, այդ թվում՝ «Սանդերլենդի» դեմ խաղից հետո, մենք շատ ենք զրուցել։ Ես մասնակցել եմ Սալահին Միլան չտանելու որոշման կայացմանը։

Ես միշտ շփվում եմ ղեկավարության հետ, բայց կազմի ընտրության վերաբերյալ որոշումները միշտ իմն են։ Ես պատճառ չունեմ չցանկանալու, որ Սալահը մնա։ Չորս խաղ առանց պարտությո՞ւն։ «Լիվերպուլը» շատ հանդիպումներ է հաղթել Մոյի հետ»,- մասնագետի խոսքն է մեջբերում Sky Sports-ը։

33-ամյա Սալահի պայմանագիրը մերսիսայդցիների հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։ 250 գոլով նա «Լիվերպուլի» պատմության երրորդ լավագույն ռմբարկուն է։

Սլոտի գլխավորած թիմը 23 միավորով Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը։ Շաբաթ օրը «Լիվերպուլը» սեփական հարկի տակ կընդունի «Բրայթոնին»։