Թուրքմենստան կատարած աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Թուրքմենստանի մշտական չեզոքության 30-ամյակին նվիրված միջոցառմանը, որի շրջանակում ելույթ է ունեցել «Խաղաղություն և վստահություն. միասնության նպատակներ հանուն կայուն ապագայի» խորագրով լիագումար նիստին։
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթը.
«Պատիվ է հանդես գալ այս միջազգային ֆորումում, որը նվիրված է Խաղաղության և վստահության միջազգային տարուն, Չեզոքության միջազգային օրվան և Թուրքմենստանի մշտական չեզոքության 30-ամյակին։
Շնորհակալություն եմ հայտնում Թուրքմենստանի նախագահին և կառավարությանը՝ այս կարևոր միջոցառումը կազմակերպելու և Միավորված ազգերի կազմակերպության շրջանակում խաղաղության, վստահության և չեզոքության առաջմղման գործում ցուցաբերվող հետևողական առաջնորդության համար։
Այսօրվա պլենար նիստի խորագիրը՝ «Խաղաղություն և վստահություն. միասնության նպատակներ հանուն կայուն ապագայի», լավագույնս արտացոլում է այն, ինչի կարիքը մեր աշխարհն ունի այսօր։ Մինչ հակամարտությունները, բաժանումները, մարդու իրավունքների խախտումները և գլոբալ անվտանգության բացակայությունը մարտահրավեր են նետում միջազգային կարգին, մենք պետք է վերահաստատենք մեր նվիրվածությունը բազմակողմ համագործակցությանը` խարսխված ՄԱԿ-ի կանոնադրության նպատակների և սկզբունքների վրա։
Գլխավոր վեհաժողովի՝ 2025 թվականը Խաղաղության և վստահության միջազգային տարի հռչակելու վերաբերյալ բանաձևը հնարավորություն է ստեղծում առաջ մղելու վեճերի խաղաղ կարգավորումը և պետությունների միջև բարիդրացիական հարաբերությունները։
Այս տարի լրանում է Թուրքմենստանի մշտական չեզոքության՝ ՄԱԿ-ի կողմից ճանաչման 30-րդ տարեդարձը։ Մշտական չեզոքությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության կարևոր գործոն է հանդիսացել։ Մենք բարձր ենք գնահատում Թուրքմենստանի ներդրումը միջազգային խաղաղության և անվտանգության գործում՝ չեզոքության, վստահության և երկխոսության սկզբունքների խթանման միջոցով։ Հայաստանը միշտ աջակցել է այս ուղղությամբ Թուրքմենստանի նախաձեռնություններին ՄԱԿ-ի շրջանակում։
Խաղաղությունը պարզապես պատերազմի բացակայությունը չէ։ Այն պահանջում է շարունակական ջանքեր՝ խթանելու երկխոսությունը, արդարությունը, մարդու իրավունքները և մարդկային արժանապատվությունը։ Պետությունների և ժողովուրդների միջև վստահության կառուցումը խաղաղության ամրապնդման հիմնարար նախապայման է։
ՄԱԿ-ի կանոնադրությամբ և միջազգային իրավունքի սկզբունքներով առաջնորդվելով՝ Հայաստանի կառավարությունը վճռական է Հարավային Կովկասում խաղաղությունն ապահովելու գործում։
Ձեզ հայտնի է, որ այս տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած եռակողմ հանդիպման ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները նախաստորագրեցին երկու երկրների միջև խաղաղության համաձայնագիրը։ Նույն օրը Հայաստանի, Ադրբեջանի և Միացյալ Նահանգների առաջնորդները՝ որպես վկա, ստորագրեցին համատեղ հռչակագիր, որը հնարավորություն կտա լիարժեք բացել տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունները։
«Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության և դրա բաղադրիչ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP)) նախագծի իրականացումը կնպաստի տնտեսական զարգացմանը, երկխոսությանը և ժողովուրդների միջև շփումներին՝ ամրապնդելով փոխվստահությունը, կայունությունն ու բարեկեցությունը։
Այս պատմական ձեռքբերումը մեզ վստահություն է ներշնչում, որ մենք բացում ենք հարատև խաղաղության, բարգավաճման, անվտանգության և տնտեսական համագործակցության նոր էջ Հարավային Կովկասում։ Մենք ակնկալում ենք մեր միջազգային գործընկերների աջակցությունը խաղաղության առաջմղման գործում։
Թուրքմենստանի մշտական չեզոքության 30-ամյակի և Խաղաղության ու վստահության միջազգային տարվա կապակցությամբ եկեք վերահաստատենք մեր համատեղ հանձնառությունը՝ առաջ մղելու խաղաղությունն ու փոխվստահությունը՝ երկխոսության, փոխըմբռնման և համագործակցության միջոցով»:









