Foto

Տիգրան Մանսուրյանի ծննդյան առթիվ նրա երաժշտությունը կհնչի Երևանի մետրոպոլիտենի կայարաններում

Տիգրան Մանսուրյանի ծննդյան առթիվ նրա երաժշտությունը կհնչի Երևանի մետրոպոլիտենի կայարաններում՝ քաղաքային առօրյային հաղորդելով առանձնահատուկ տրամադրություն։ Այս մասին տեղեկացնում են մետրոպոլիտենից՝ նշելով, որ այս օրերին մետրոպոլիտենը կվերածվի յուրօրինակ երաժշտական հարթակի:

«Տիգրան Մանսուրյանը ժամանակակից հայ երաժշտության ամենախորքային ու ինքնատիպ արվեստագետներից է։ Մանսուրյանի երաժշտությունը չի աղմկում, այն լսվում է ներսում՝ հիշողության, խոհի ու զգացողության սահմաններում։

Ազգային արմատներին հավատարիմ, բայց միևնույն ժամանակ համաշխարհային մտածողությամբ՝ նրա արվեստը կամուրջ է անցյալի և ներկայի, հայկականի ու համամարդկայինի միջև։ Նրա յուրաքանչյուր ստեղծագործություն՝ մաքուր, ճշգրիտ ու անկեղծ, լսողին տանում է ներքին խաղաղության և խոր մտորումների ուղիով։

Նախաձեռնությունը կյանքի է կոչվել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Երևանի մետրոպոլիտենի հետ համատեղ մեծ կոմպոզիտորի ծննդյան տարեդարձի կապակցությամբ։ Կհնչի Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը (դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան)։

Շնորհավոր տարեդարձդ, Մաեստրո՛»,- ասվում է հաղորդագրության մեջ: