ՀՀ նախկին փոխվարչապետ, ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Գևորգյան. (մաս 2)
««Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության առաջարկով ներկայացնում եմ հայ-թուրքական հարաբերություններում նոր նարատիվների անհրաժեշտությունը։
Հայերը որպես տարածաշրջանի ստեղծարար պատմության առանցքային բաղադրիչ
Հայերը նշանակալի ներդրում ունեն Օսմանյան կայսրության և արդի Թուրքիայի մշակութային, տնտեսական և մտավոր կերպարի ձևավորման գործում։ Հայերի աշխատանքը, վարպետությունը և հոգևոր մշակույթը դարձել են տարածաշրջանի պատմության օրգանական մաս՝ արտացոլելով քաղաքակրթական ժառանգության հարստությունը։ Այս ճշմարտությունը նույնքան մեծ է, որքան հանցագործության մասին հիշողությունը։ Այն մեզ վերադարձնում է ձիգ կեցվածք և ազգ-արարողի ձայն, այլ ոչ` միայն զոհի։
Այս իրողության ճանաչումը ոչ թե բարի կամքի դրսևորում է, այլ՝ հասունության և պատմական ազնվության ակտ, որը հիմք է ստեղծում փոխադարձ հարգանքի վրա հիմնված երկխոսության համար։ Այսօր մենք պետք է առաջնային դարձնենք մեր ստեղծարար ուժը և մշակութային ժառանգությունը։ Մենք պահպանում ենք հիշողությունը ոչ թե մեղադրելու, այլ՝ ճշմարտությունը պահպանելու համար։ Ոչ թե վրեժի, այլ՝ կյանքի և ապագայի համար։
Մենք լիովին իրավասու ենք բարձրաձայնելու հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտությունը Թուրքիայի ներկայիս տարածքում, խոսելու հայկական սրբավայրերի ու հուշարձանների պահպանման մասին, արխիվների հասանելիության, գիտական երկխոսության և հայկական վանական համալիրների, գերեզմանոցների, հին թաղամասերի պահպանման ծրագրերի շուրջ։ Կարևոր է նաև աջակցությունը Թուրքիայում գործող հայկական համայնքներին, այն ծրագրերին, որոնք բացահայտում են հայերի դերը և ներդրումը տարածաշրջանի պատմության մեջ։
Հայաստանն ու Թուրքիան կարող են իրականացնել համատեղ կրթական, գիտահետազոտական և մշակութային նախաձեռնություններ՝ ուղղված հայկական պատմական ներկայության ուսումնասիրմանը և վերականգնմանը։ Սա հարգանքի ձև է՝ մեր հիշողության և մեր ինքնության նկատմամբ։
Մենք պետք է հասնենք այնպիսի իրավիճակի, երբ Հայաստանի անվտանգությունը և մեր հիշողության նկատմամբ հարգանքը լինեն ոչ թե խոսքեր, այլ իրականություն։ Դրանց կարելի է հասնել նաև սահմանամերձ ենթակառուցվածքային ծրագրերի, մշակութային ու զբոսաշրջային նախաձեռնությունների միջոցով։ Կարևոր է ընկալումը, որ սա անհրաժեշտ է ոչ միայն հայերին, այլև՝ թուրքերին։
Շարունակելի»։









