Foto

ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում ոչինչ չի փոխվել

Ի պատասխան մամուլում շրջանառվող այն հրապարակումների, թե իբր Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում փոփոխություններ են իրականացվել, հայտնում ենք, որ բնակապահովման ծրագրում ոչինչ չի փոխվել․ միջոցառման շրջանակում հայրենակիցներին շարունակվում է տրամադրվել 3–ից 5 մլն դրամ աջակցություն՝ բնակարան ձեռքբերելու կամ տուն կառուցելու համար։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

Ավելին՝ հանրային քննարկման է ներկայացվել բոլորովին նոր ծրագիր՝ 1–3 անդամ ունեցող ընտանիքների բնակապահովմանն առնչվող հարցերի լուծման համար։ Միջոցառման շրջանակում նախատեսվում է աջակցություն տրամադրել վարձակալության վճարի երկարաժամկետ մասնակի փոխհատուցման եղանակով՝ 120 ամսվա ընթացքում, յուրաքանչյուր ընտանիքի անդամի համար՝ ամսական 40,000 դրամ։

Նոր ծրագիրը ներկայում գտնվում է հանրային քննարկման փուլում՝ e-draft․am իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (հղում՝ https://www.e-draft.am/projects/9349 )․ քաղաքացիների կողմից ներկայացվող առաջարկներն ու դիտարկումները սահմանված ժամկետում կհավաքագրվեն և, ըստ անհրաժեշտության, կընդգրկվեն ծրագրի վերջնական տարբերակում։