Foto

Մեր նպատակն է ունենալ արդար և մարդակենտրոն, համարձակ նորարար և արհեստավարժ մաքսային ծառայություն․ ՊԵԿ նախագահ

ՀՀ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի շնորհավորական խոսքը մաքսային ծառայողի օրվա առթի.

«Հարգելի՛ մաքսային ծառայողներ,

Շնորհավորում եմ ձեզ Մաքսային ծառայողի օրվա կապակցությամբ՝ ընդգծելով ձեր կարևոր դերակատարումը պետական կառավարման համակարգում և մեր երկրի զարգացման գործընթացում։

Մաքսային ծառայությունը պետության տնտեսական համակարգի առանցքային հենասյուներից է։ Ձեր ամենօրյա պատասխանատու գործունեության շնորհիվ ապահովվում են տնտեսական անվտանգությունը, արտաքին աշխարհի հետ անխափան կապը և արտաքին առևտրի բնականոն հոսքը, պետության և գործարարների շահերի պաշտպանությունը։

Հարգելի՛ մաքսային ծառայողներ, դուք կարևոր դեր ունեք Հայաստանի տնտեսության մրցունակության և արդար մրցակցային միջավայրի ձևավորման, ինչպես նաև միջազգային տնտեսական համագործակցության խորացման գործում։

Ծառայության արդյունավետության գլխավոր չափանիշը քաղաքացիների և տնտեսվարողների վստահությունն ու գոհունակությունն է, որի ուղղությամբ մեծ առաջընթաց ենք գրանցել: Այդ վստահության ամրապնդումը պահանջում է շարունակական մեծ ջանքեր՝ ուղղված թվայնացմանը, գործընթացների պարզեցմանը, վերլուծական և ռիսկերի կառավարման գործիքների դերի էական մեծացմանը, սպասարկման մշակույթում մարդակենտրոնության խորացմանը։

Համակարգը հնարավոր է զարգացնել և բարեփոխել՝ հիմնվելով յուրաքանչյուր մաքսային ծառայողի ինքնակատարելագործման և մասնագիտական աճի վրա:

Մոտ ապագայում մենք նախատեսում ենք իրականացնել մի շարք անկյունաքարային բարեփոխումներ, ինչպիսիք են ցամաքային թվային նոր պլատֆորմի մշակումը, արհեստական բանականության գործիքների ներդրումը, վճարումների միասնական հաշվի ներդրումը և EXIM միասնական հարթակը, որոնք միտված են համակարգի արդյունավետության շեշտակի բարելավմանը։

Մեր նպատակն է ունենալ արդար և մարդակենտրոն, համարձակ նորարար և արհեստավարժ մաքսային ծառայություն, որը կկարողանա արագ և արդյունավետ արձագանքել քաղաքացիների և բիզնեսի պահանջներին։

Վստահ եմ, որ միասնական աշխատանքի, պատասխանատվության և նվիրումի շնորհիվ մենք կշարունակենք ամրապնդել մաքսային ծառայության դերը Հայաստանի Հանրապետության զարգացման գործում։

Կրկին շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթելով առողջություն, կայունություն և նոր ձեռքբերումներ ձեր պատվաբեր ծառայության մեջ»։