Ադրբեջանից Թուրքիա վերադառնալու ճանապարհին Վրաստանի տարածքում կործանված թուրքական ռազմական ինքնաթիռի սև արկղը տեղափոխվել է Թուրքիա։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնում է Cnnturk-ը։
Ըստ թուրքական «Միլլիեթ» պարբերականի` ողբերգության վայրում աշխատող մասնագետները պարզել են, որ առաջինը բաժանվել է ինքնաթիռի պոչի հատվածը։ Ինքնաթիռի բեկորների զննումը չի բացահայտել որևէ արտաքին վնասվածք, որը կարող էր վկայել արտաքին բախման մասին:
Հետաքննությունը շարունակվում է՝ պարզելու կառուցվածքային փլուզման պատճառը և վերլուծելու վթարից առաջ վերջին վայրկյաններին տեղի ունեցած իրադարձությունները:
Ինքնաթիռի սև արկղն արդեն հասցվել է Թուրքիա։ Մասնագետները սկսել են դրա վերծանումը:
C-130 ռազմական բեռնատար ինքնաթիռը կործանվել էր նոյեմբերի 11-ին Վրաստանում, Ադրբեջանից Թուրքիա վերադառնալիս։









