Foto

Ե՞րբ են թշնամական երկրների հատուկ ծառայությունները առավել արդյունավետ գործում

Ե՞րբ են թշնամական երկրների հատուկ ծառայությունները առավել արդյունավետ գործում:
Թշնամական երկրների հատուկ ծառայությունները սովորաբար առավել արդյունավետ են գործում այն ժամանակ, երբ տվյալ երկրի անվտանգության համակարգը շեղվում է իր հիմնական առաքելությունից։ Երբ Ազգային անվտանգության ծառայությունը զբաղված է, ոչ թե արտաքին սպառնալիքների կանխմամբ, այլ ընդդիմությանը լռեցնելով, լրագրողներին կամ քաղաքացիներին գաղտնալսելով և այլն: Այս կերպ նրանք բաց են թողնում իրական վտանգները՝ թույլ տալով հակառակորդին գործել ազատ և աննկատ։
Երբ անվտանգության մարմինները իրենց ռեսուրսները ծախսում են վարչական մանր խնդիրների վրա՝ օրինակ՝ գազալցակայաններում ՀԴՄ-ներ ստուգելով կամ տնտեսվարողներին վերահսկելով, համակարգը կորցնում է իր պրոֆեսիոնալությունը։ Այս իրավիճակում հակառակորդի հետախուզությունը հեշտությամբ գտնում է բացեր՝ տեղեկատվական, տեխնոլոգիական և հոգեբանական մակարդակներում։
Ավելին, երբ Ազգային անվտանգության ծառայությունը դառնում է քաղաքական ճնշումների գործիք, հասարակության վստահությունը նրանց նկատմամբ նվազում է։ Այդ անվստահությունն ինքնին դառնում է անվտանգության սպառնալիք՝ թուլացնելով երկրի դիմադրողականությունը արտաքին ազդեցությունների նկատմամբ։ Թշնամական ծառայությունները հենց այդ ճեղքերով են ներթափանցում։
Արդյունքում պարզ օրինաչափություն է ստացվում՝ որքան շատ է երկրի հատուկ ծառայությունը զբաղված վերը թվարկված գործերով, այնքան արդյունավետ է դառնում թշնամու գործակալական ցանցի աշխատանքը։