Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը գրում է․
«2025 թ. հունվար–սեպտեմբեր ամիսներին Հայաստանի արդյունաբերական հատվածը արձանագրել է 5.7% անկում։
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 2.055 տրլն դրամ (մոտ 5.3 մլրդ ԱՄՆ դոլար)։
Ամենաուժեղ հարվածը հասցվել է վերամշակող արդյունաբերությանը՝ արդյունաբերական զարգացման ռազմավարական միջուկին։
Եթե մեկ տարի առաջ ոլորտը ցուցադրել էր 18.9% աճ, ապա այժմ արձանագրել է 10.2% անկում. արտադրանքի ծավալը կազմել է մոտ 1.4 տրլն դրամ։ Սեպտեմբերին գրանցվել է տեղային աճ՝ 9.6%, մինչև 205.8 մլրդ դրամ, սակայն դա չի կարող հավասարակշռել ընդհանուր կորուստները:
Հատկապես մտահոգիչ է մետաղագործության անկումը՝ 10%, որը հաջորդել է նախորդ տարվա 7% աճին։ Սա լուրջ ազդակ է, քանի որ մետաղագործությունը ավանդաբար Հայաստանի արդյունաբերական արտահանման հիմնական շարժիչ ուժն է։
Հանքարդյունաբերությունը, հակառակը, որոշ չափով մեղմել է անկումը․ եթե 2024-ին այն նվազել էր 7.8%, ապա այժմ՝ ընդամենը 0.5%, կազմելով 360.5 մլրդ դրամ։ Սակայն այս թվացյալ ՛՛դրական միտումը՛՛ ավելի շուտ ստագնացիայի, քան վերականգնման ցուցիչ է․ սեպտեմբերին կրկին արձանագրվել է 0.4% նվազում՝ 48.5 մլրդ դրամի չափով։
Այս ֆոնին ծառայությունների ոլորտը ցուցաբերում է հակառակ միտում․ աճը արագացել է 5.9%-ից մինչև 9.9%, հասնելով 2.9 տրլն դրամի (մոտ 7.5 մլրդ դոլար)։ Ծավալային առումով ծառայությունների ոլորտը արդեն զգալիորեն առաջ է անցել արդյունաբերությունից՝ դառնալով ՀՆԱ-ի հիմնական շարժիչը։
Ընդհանուր պատկերը վկայում է ապաինդուստրիալիզացման խորացող գործընթացի մասին։ Հայաստանի տնտեսությունը արագորեն կորցնում է հավասարակշռությունը արտադրող և սպասարկող ոլորտների միջև՝ վերածվելով ծառայությունների տնտեսության առանց արդյունաբերական հենարանի։ Սա ոչ թե անցողիկ ճգնաժամ է, այլ տնտեսական անվտանգության և արդյունաբերական քաղաքականության երկարաժամկետ դոկտրինի բացակայության արտացոլում»։









