Թաիլանդի բանակը Կամբոջային մեղադրել է նոր ստորագրված հրադադարի համաձայնությունը խախտելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն:
Թաիլանդի բանակը հայտարարության մեջ նշել է, որ գիշերն ավելի քան 250 անօդաչու սարք է հայտնաբերվել, որոնք թռչում էին Կամբոջայի կողմից:
Հրադադարն ուժի մեջ էր մտել դեկտեմբերի 27-ին քսան օր տևած բախումներից հետո, որոնք հանգեցրել էին տասնյակ զոհերի և 1 միլիոն մարդու տեղահանման:
Թաիլանդի թագավորական բանակի դեկտեմբերի 29-ի հայտարարության մեջ նշվում է, որ Կամբոջայի գործողությունները «սադրանք են և լարվածության նվազեցմանն ուղղված միջոցառումների խախտում» և չեն համապատասխանում հրադադարի պայմաններին։
Բանակը հավելել է, որ, գուցե, վերանայի հուլիսից Թաիլանդում պահվող 18 կամբոջացի զինվորների ազատ արձակման շուրջ պայմանավորվածությունը։
Ըստ Թաիլանդի բանակի՝ եթե համաձայնագրի և երկրի ինքնիշխանության խախտումները շարունակվեն, ապա երկիրը ստիպված կլինի գործել համապատասխան կերպով:
Կամբոջան դեռևս չի մեկնաբանել այս հայտարարությունը:
Միևնույն ժամանակ, Reuters-ի փոխանցմամբ, դեկտեմբերի 29-ին Թաիլանդի և Կամբոջայի արտգործնախարարները Չինաստանի Յույսի քաղաքում եռակողմ հանդիպում են անցկացրել երկրի արտգործնախարար Վան Իի հետ: Կողմերը համատեղ հայտարարություն են տարածել, ըստ որի՝ Կամբոջան և Թաիլանդը պատրաստ են շարունակել ընդլայնել հաղորդակցությունը, խորացնել փոխըմբռնումը և աստիճանաբար ամրապնդել հրադադարը, վերականգնել փոխադարձ շփումները, վերակառուցել քաղաքական փոխվստահությունը և պահպանել տարածաշրջանային խաղաղությունը:









