Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ երկու երիտասարդ մեքենաներից գողանում են հաշվառման համարանիշներ ու հայելիներ և վերադարձնելու համար մեքենային փակցնում են «Տելեգրամի» հասցե:
Տեղեկությունն իրացվեց Ոստիկանության գվարդիայի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի ծառայողների հետ:
Նոյեմբերի 8-ի առավոտյան՝ ժամը 5-ի սահմաններում, Գյուլիքևխյան փողոցում երիտասարդները հայտնաբերվեցին գողոնը ձեռքներին: Ավտոմեքենայի հաշվառման համարանիշներն ու կողային հայելիները նետելով` նրանք դիմեցին փախուստի։
Աջափնյակ թաղամասի բնակիչ 23-ամյա երիտասարդի փախուստը կանխվեց, և շորթում կատարելու հիմնավոր կասկածով նա ձերբակալվեց ու տեղափոխվեց Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժին: Որոշ ժամանակ անց հայտնաբերվեց նաև 30-ամյա երիտասարդը։
Գողության թիրախ դարձած «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի դիմապակուն փակցված էր տելեգրամյան հասցեով թերթիկ: «Ֆորդի» տիրոջից ընդունվեց հաղորդում. ըստ նրա` պատճառվել էր մոտ 100 հազար դրամի վնաս:
Եվ սա միակ դեպքը չէր: Ըստ նախնական տվյալների՝ նրանք տելեգրամյան նույն հասցեով թերթիկ էին փակցրել նաև Հովհաննիսյան փողոցի բակերից մեկում կայանված «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի դիմապակուն: «Հոնդայի» տերը նույնպես տվեց հաղորդում, որ նույն գիշերը գողացել են մեքենայի կողային հայելիների ապակիները:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։
Նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:









