Monument Watch-ը ահազանգում է․
«2025 թվականի նոյեմբերի 3-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Ադրբեջանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի 80-ամյակի կապակցությամբ հանդես եկավ ծավալուն ծրագրային ելույթով: Ելույթի առանցքային թեմաներից մեկը Հայաստանի Հանրապետության տարածքի «պատմական անցյալն» էր, տարածքի պատմական պատկանելիության հարցը (https://t.me/caliber_az_official/55242):
Ադրբեջանի նախագահի ելույթում հնչեցված թեզերը նոր չեն և հնչեցվել են տարբեր լսարանների առջև իր ելույթների ժամանակ: Այստեղ առավելապես ուշադրության է արժանի այն, որ ակադեմիայում արտահայտվող մտքերն ավելի շատ իրենց գիտական հանրույթին ուղղված հրաման էր:
Ըստ Ադրբեջանի նախագահի ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքում հայ բնակչությունը բնիկ չէ, բնակվում է այստեղ 19-րդ դարից, ինչը ռուսական կայսրության միտումնավոր քաղաքականության հետևանքն է: Այս կետով ուղղակի ակնարկվում է, որ ՀՀ տարածքի պատմական և մշակութային ժառանգությունը հայերինը չէ և հայերը պատմական իրավունք չունեն այդ տարածքների նկատմամբ: Ըստ ադրբեջանական կողմի՝ սրանից բխում է, որ հայերը չունեն հայրենիքի պատմական իրավունք:
Ելույթում նշվեց, որ ադրբեջանցիների պատմական հայրենիքի տարածքն ավելի մեծ է, քան այսօրվա Ադրբեջանի Հանրապետության տարածքը, ինչից եզրահանգում արվեց, որ ադրբեջանցիները իրավունք ունեն վերադառնալու իրենց «պատմական հողերը»: Նկատելի է, որ ադրբեջանական կողմը իր նոր նկրտումները հիմնավորում է պատմական իրավունքի, պատմական անցյալի սկզբունքներով: Եվ այս թեզը ստեղծվել է առաջին հերթին այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» գաղափարը ներքին և արտաքին լսարաններում առաջ տանելու համար:
Շատ կարևոր է փաստել, որ մինչև 2020 թվականը պատմական հայրենիքի, պատմական իրավունքի, պատմական անցյալի շեշտադրմամբ թեզերով ելույթներ Ադրբեջանի նախագահը հնչեցրել է Արցախի տարածքի նկատմամբ իրենց հավակնությունները, իրավունքը հիմնավորելու համար: ՀՀ տարածքի պատմական անցյալին մասին մինչև 2020 թվականի 44-օրյա պատերազմը Ադբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը գրեթե չի անդրադարձել, դա արել են ավելի շատ անհատ պատմաբաններ, քարոզիչներ: Իրավիճակը փոխվեց 2020 թվականի 44-օրյա պատերազմի և 2023 թվականին Արցախում էթնիկ զտումներից հետո: Հենց այս ընթացքում պետական ամենից բարձր մակարդակով սկսվեց քարոզվել «Արևմտյան Ադրբեջանի», ադրբեջանցիների իրենց «պատմական հայրենիք, հողեր, տարածքներ» վերադարձի գաղափարը: Այս տարիներին ստեղծվեց և ակտիվացավ «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կոչված հասարակական կազմակերպությունը, որն ուղիղ կերպով հովանավորվում է և ֆինանսավորվում պետության կողմից, իսկ կազմակերպության միջոցառումները աչքաթող չի անում նաև Իլհամ Ալիևը:
Ադրբեջանի նախագահի ելույթում պետք է առանձնացնել այն հատվածը, որտեղ հրահանգ է տրվում կրկնապատել տարվող աշխատանքը և դրա հիմնավորումը: Հրահանգը իջեցվում է գիտնականներին և հասարակական կազմակերպությունների (պարզ է, թե որ) ներկայացուցիչներին: Որպես աշխատանքի կրկնապատման հիմնավորում նշվում է. «պետք է ստեղծել ավելի շատ գիտական աշխատանքներ, հանրամատչելի նյութեր, որպեսզի այս իրողությունները տարածվեն նաև Ադրբեջանից դուրս: Սա կնպատստի նաև մեր Հայաստան վերադարձին, որպեսզի դա լինի տրամաբանական և արդարացի»:
Հաջորդ կարևոր կետն այն էր, որ այս քաղաքականությունը և քայլերը պետք է անի պետությունը և հետևողական լինի պետությունը: Շեշտվեց, որ ինքն անձամբ հետևում է այս ուղղությամբ կատարվող քայլերին: Նշվեց, որ «Ադրբեջանի պատմության կեղծմանը, այլափոխմանը» պետք է տրվի կոշտ պատասխան: Հասկանալի է, որ այս հրահանգը ուղղված է ընդդեմ հայկական կողմի: Հետաքրքիր է, որ որպես գլխավոր մեղավոր հռչակվեց հայկական սփյուռքը:
Ելույթում միակողմի և ոչ օբյեկտիվ մեկնաբանություն տրվեց Ռուսական կայսրության շրջանի՝ ՀՀ ներկայիս տարածքի բնակավայրերի տեղանունների, բնակչության էթնիկ կազմի մասին եղած փաստերին: Ռուսական կայսերական որոշ վավերագրերին և քարտեզներին հղում տալը ներկայացվում է որպես «օբյեկտիվության» ցուցիչ, մյուս կողմից՝ որպես պատմական նկրտումների «օբյեկտիվ» հիմնավորում: Հարկ ենք համարում նշել, որ ռուսական կայսերական վավերագրերը, փաստաթղթերը, ճանապարհորդական նոթերը, քարտեզները, զեկուցումները հասանելի են, հրատարակված և հեշտ ստուգելի: Այդ փաստաթղթերում մանրամասն խոսվում է տարածաշրջանի անցյալի, բնակչության էթնիկ կազմի, բնակչության տեղաշարժերի, այս կամ այն էթնիկ կազմի որևէ տարածքում բնակվելու, բազմաթիվ բնակավայրերի անցյալի ու ներկայի մասին: Ընդ որում տրվում են մանրամասն բացատրություններ, հղումներ տրվող ինֆորմացիային: Տարածքների հայկական պատմական, մշակութային պատկանելությունը, անցյալը երբեք չի ժխտվել և թաքցվել, դա վերաբերում է նաև 19-րդ դարում թաթարական բնակչություն ունեցող տեղանքներին: Նկարագրվում են նաև հուշարձանները, որոնք գերազանցապես հայկական քրիստոնեական են: Հաճախ միևնույն բնակավայրի, տեղանքի թաթարական անվան կողքին նշվում է բնիկ հայկականը: Նույնը կարող ենք տեսնել նաև տարածքների մասին առկա եվրոպական բազմաբնույթ վավերագրերում:
Այսպիսով, կարող ենք փաստել, որ Ադրբեջանի նախագահի ելույթը գաղափարաբանորեն մշակված, ռազմավարական տեսակետից հստակեցված քաղաքականություն է, որն ունի իր ենթանպատակները, որոնց հասնելու համար սահմանվում են և լուծվում են կոնկրետ խնդիրներ: 2020 թվականի 44-օրյա պատերազմով և 2023 թվականի սեպտեմբերի 19-ի ռազմական գործողություններով Արցախի հայաթափմամբ Ադրբեջանը հասել է մի նպատակի: Հաջորդ նպատակը Հայաստանի Հանրապետության դեմ նկրտումներն են, որի «տեսական» զենքը Արևմտյան Ադրբեջանի թեզն է:
Հայերի անպատմություն ու անմշակույթ, անհայրենիք լինելու թեզը ներկայացնում, հիմնավորում, մանրամասնում է պետության առաջին դեմքը: Նա պահի տակ չի «հնարում», այլ կիրառում է մանրամասնորեն մշակված քարոզչական գաղափարաբանություն, որի գերագույն նպատակն է վերացնել, յուրացնել, անվանափոխել, վերագրել հայկական մշակութային ժառանգությունը: Ու մի աստիճան ևս առաջ տանել «օրինական վերադարձի» խնդիրը:









