Foto

Քրիշտիանու Ռոնալդուն իրեն համարում է մոլորակի ամենահայտնի մարդը

Պորտուգալացի ֆուտբոլային սուպերաստղը կրկին ուշադրություն է գրավել իր համարձակ հայտարարությամբ։ Պիրս Մորգանի հետ հարցազրույցում Ռոնալդուն հայտարարել է, որ իրեն համարում է մոլորակի ամենահայտնի մարդը՝ նույնիսկ ավելի հայտնի, քան Դոնալդ Թրամփը։

Զրույցի ընթացքում հեռուստահաղորդավարը հիշատակել է այն ժամանակը, երբ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան G7 գագաթնաժողովում Թրամփին նվիրել է Ռոնալդոյի ստորագրությամբ Պորտուգալիայի հավաքականի մարզաշապիկը։

«Դուք երկուսդ էլ մոլորակի ամենահայտնի մարդիկ եք»,-ասել է Մորգանը՝ նշելով, որ Ռոնալդոն Ինստագրամում ունի ավելի քան 650 միլիոն հետևորդ, մինչդեռ Թրամփը՝ 38 միլիոն։

Դրան ի պատասխան 40-ամյա մարզիկը վստահորեն պատասխանել է. «Եկեք գլոբալ բանավեճ անցկացնենք. ո՞վ է ավելի հայտնի՝ ես, թե՞ Դոնալդ Թրամփը։ Կարծում եմ՝ նույնիսկ ամենափոքր կղզիներում ինձ ավելի լավ են ճանաչում։ Աշխարհում ավելի հայտնի ոչ ոք չկա։ Նշեք մեկը»։

Մորգանը, ժպտալով, նշել է, որ բանավեճը իսկապես հետաքրքիր էր և հավելել, որ գուցե միայն արքայադուստր Դիանան, Եղիսաբեթ II թագուհին և Նելսոն Մանդելան կարող էին մրցակցել Ռոնալդուի ճանաչելիության մակարդակով, եթե ողջ լինեին։

«Բայց հիմա, կարծում եմ, դա դու և Թրամփն եք»,-եզրափակել է հաղորդավարը։

Ռոնալդոն համաձայնել է. «Լավ բանավեճ է»։

Ֆուտբոլիստը այնուհետև խոստովանել է, որ իր համբավն ունի իր բացասական կողմերը. «Ես չեմ կարողանում ոչ մի տեղ գնալ առանց ճանաչվելու։ Դա ձանձրալի է, հավատացեք ինձ։ Կցանկանայի, որ այդքան հայտնի չլինեի։ Ես երբեք չեմ ձգտել համբավի. ես ուզում էի հաջողություն, այո, բայց ոչ այս տեսակի։ Դա ուժասպառ է անում, բայց այդպիսին է կյանքը»։

Ռոնալդոն նաև ասել է, որ հանրության և երկրպագուների ուշադրությունը իր համար իսկական մարտահրավեր է եղել, չնայած նա խոստովանում է, որ աստղ դառնալն իր ճակատագիրն էր։