Foto

Տաթևի վանքը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ներառելու հայտն արդեն ներկայացվել է ԱԳՆ․ ԿԳՄՍ նախարար

Տաթևի վանքը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուժեղացված պաշտպանության ցանկում ներառելու հայտն արդեն ներկայացվել է Արտաքին գործերի նախարարություն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Ազգային ժողովում 2026 թվականի պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Տաթևի վանքի մասով, այո, մենք ուժեղացված պաշտպանության ցանկում ներառելու հայտը ներկայացրել էինք Արտաքին գործերի նախարարություն։ Այժմ աշխատանք է ընթանում՝ հուշարձանը նախնական ցանկից տեղափոխելու դեպի հիմնական ցանկ։ Կարծում եմ, որ այդ աշխատանքները կավարտենք արդեն հաջորդ տարվա ընթացքում»,-նշեց Անդրեասյանը։

Նախարարը նաև ընդգծեց, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակներում հայկական հուշարձաններ ընդգրկելու քաղաքականությունը դարձել է համակարգային և շարունակական գործընթաց։

«ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկերում հուշարձաններ ընդգրկելու մեր քաղաքականությունը սկսել ենք այն բանից հետո, երբ առաջին անգամ բյուջեում նախատեսեցինք նման միջոցառում։ Դա հնարավորություն տվեց, որ այս գործընթացը դառնա ամենօրյա աշխատանք։ Մենք հետևողականորեն աշխատում ենք՝ ապահովելու մեր հուշարձանների պաշտպանվածությունը և նրանց ընդգրկումը համաշխարհային ժառանգության ցանկերում»,-ասաց նախարարը։