«Մեր ձևով» շարժման անդամ Շիրազ Մանուկյանցը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Նկարում Գառնահովիտ գյուղն է։
Ներկայում գյուղում ապրում է 43 ընտանիք։ Գյուղում կա ընդամենը 12 դպրոցահասակ աշակերտ։
Նոր դպրոց կառուցելու համար պետությունը հատկացրել է մոտ 696 միլիոն դրամ (մոտ 1.7 միլիոն ԱՄՆ դոլար)։
Գյուղում աշխատանք չկա։ Երիտասարդները ստիպված են մեկնել Երևան, Աշտարակ կամ այլ քաղաքներ՝ աշխատանք գտնելու նպատակով։ Նրանց մի մասը ժամանակի ընթացքում հաստատվել է հենց այդ քաղաքներում՝ թողնելով գյուղը։
Հիմնական հարցն այն է, թե արդյոք այդ գումարով՝ 696 միլիոն դրամով, կարելի էր հիմնել փոքր արտադրամասեր, մթերման կայաններ: Այդպիսով հնարավոր կլիներ ստեղծել աշխատատեղեր հենց տեղում՝ գյուղի բնակիչների համար։
Գառնահովիտում գործող հին դպրոցը հնարավոր էր պարզապես վերանորոգել և բարելավել անհրաժեշտ պայմանները:
Առանց աշխատանքի՝ գյուղը դատարկվում է, իսկ նոր դպրոցը, որքան էլ գեղեցիկ ու ժամանակակից լինի, կարող է պարզապես դատարկ մնալ։
Հիշեցնենք, որ վերջին օրերին հեռակա բանավեճ է ընթանում «Մեր ձևով» շարժման անդամների և իշխանության միջև, որը վերաբերում է Նարեկ Կարապետյանի՝ անարդյունավետ ծախսերը բացառելուն վերաբերող հիմնավորումներին, և ոչ թե դպրոց կառուցելուն դեմ լինելուն, ինչպես իրենց խոսքում ներկայացնում էին բազմաթիվ ՔՊ-ականներ։
 
                 
                                








