Foto

ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում կատարվել են փոփոխություններ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվող Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում կատարվել են փոփոխություններ։ Մասնավորապես, նոր փոփոխությունների համաձայն՝ ծրագրի շահառու միավորի կազմում պարտադիր լինելու պայմանը չի տարածվի ընտանիքի այն անդամների վրա, որոնք դատարանի վճռի հիման վրա ճանաչված են անհայտ բացակայող։ Սա հնարավորություն կտա ծրագրի հիմնական պայմաններին բավարարող ընտանիքի մյուս անդամներին օգտվել ծրագրից։ 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց, որ հաջորդ փոփոխությունը վերաբերում է շահառու ընտանիքների այն անդամներին, որոնք 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ եղել են անչափահաս, սակայն դիմում-հայտարարությունը լրացնելու ժամանակ լրացել է նրանց 18 տարին։ 

«Ծրագրին դիմելու պահին ընտանիքի արդեն չափահաս անդամները ցանկանում էին որպես առանձին ընտանիք ստանալ հավաստագիր, որովհետև մի մասն ամուսնացել է, մի մասը պատրաստվում է ամուսնանալ։ Մյուս կողմից էլ ընտանիքն առանց իրեն չէր կարողանում դիմել ու ստանալ հավաստագիրը։ Այս նոր փոփոխությամբ՝ առանձին կարող են դիմել ինչպես 18 տարին լրացած անձինք, այնպես էլ իրենց ընտանիքը»,-ասաց Գայանե Ղարագյուզյանը։   

Հաջորդ փոփոխությունը վերաբերում է միջգերատեսչական հանձնաժողովին դիմած ընտանիքների կողմից ներկայացվող փաստաթղթերի քանակին։ Նախկինում անհրաժեշտ էր ներկայացնել առնվազն երկու փաստաթուղթ, որը հավաստում է Լեռնային Ղարաբաղում բնակված լինելու փաստը. դա կարող էր լինել ուսումնական, կենսաթոշակի, աշխատանքային, բանկային որևէ փաստաթուղթ։ Հիմա արդեն նշվածներից միայն մեկ փաստաթուղթ ներկայացնելը կլինի բավարար։  

Գայանե Ղարագյոզյանը տեղեկացրեց, որ այս փոփոխությունների պահանջը գալիս է շահառուներից և ակնկալվում է, որ առաջիկայում բնակարանային ապահովման ծրագրին դիմելիությունն ավելի կակտիվանա։ 

«Այսօր էլ մենք ունենք բավական ակտիվություն։ Ծրագրում կատարվող փոփոխություններին զուգահեռ դիմելիության ակտիվությունը տեսանելի է լինում։ Եթե ամռանը հավաստագիր ստացածների թիվը հազարից մի փոքր ավելին էր, ապա այսօր այն դարձել է 3250, որից 1220-ն արդեն իրացրել են իրենց հավաստագրերը։ Այսինքն՝ պետության կողմից տրված ֆինանսավորմամբ ձեռք են բերել իրենց բնակարանները կամ անհատական տները։ Այսօր բնակարանների ձեռք բերման ցուցանիշները, որ նայում ենք մարզերի կտրվածքով, առաջին տեղում Կոտայքն է, այնուհետև Երևանն է, որին հաջորդում է Արմավիրը, Լոռին, Արարատը և այլն»,-ասաց Գայանե Ղարագյոզյանը՝ հավելելով, որ յուրաքանչյուր օր նկատելիորեն ակտիվանում է դիմելիությունը։ 

Ծրագրի դիմելու վերջնաժամկետը 2027 թվականի դեկտեմբերի 31-ն է։ Հավաստագրի գործողության ժամկետը սահմանվել է 2028 դեկտեմբերի 31-ը՝ անկախ նրանից, թե երբ է ստացել հավաստագիրը։