Foto

Կարիբյան ավազանում «Մելիսա» փոթորիկն ավելի քան 40 մարդու կյանք է խլել

Կարիբյան ավազանում «Մելիսա» ավերիչ փոթորկի պատճառով զոհվել է ավելի քան 40 մարդ։ Զոհերի թվում են Ճամայկայի, Դոմինիկյան Հանրապետության և Հայիթիի բնակիչներ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է The Washington Post-ը։

Հրապարակման համաձայն՝ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ շարունակվում են որոնողափրկարարական և փլատակների մաքրման աշխատանքները։ Մասնագետների գնահատմամբ՝ փոթորկի էպիկենտրոնում քամու արագությունը հասել է 82 մ/վրկ-ի։ Այժմ «Մելիսա»-ն շարժվում է դեպի Ատլանտյան օվկիանոսի խորքը, չնայած նրա ուժգնությունը թուլացել է։

«Մելիսա»-ն դարձել է վերջին 90 տարվա ընթացքում ամենահզոր փոթորիկը. այն Ճամայկայի ափ է հասել հոկտեմբերի 28-ին։ 

Փոթորկից ամենաշատ տուժած երկրներն են Ճամայկան, Կուբան և Հայիթին, որտեղ ավերվել են տներ և էլեկտրամատակարարման սյուներ։

Հայիթիի իշխանությունները հոկտեմբերի 30-ին հայտարարել են, որ փոթորկի հետևանքով զոհվել է առնվազն 30 մարդ, ևս 20-ը անհետ կորած է: