Foto

Չինաստանը և ԱՄՆ-ն համաձայնության են եկել առևտրատնտեսական հիմնական վեճերը լուծելու հարցում

Չինաստանի և ԱՄՆ-ի բանակցողները համաձայնության են եկել երկու երկրների միջև առևտրատնտեսական հիմնական վեճերը լուծելու հարցում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Հարավային Կորեայի Բուսան քաղաքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։

«Մեր երկու առևտրատնտեսական խմբերը հիմնարար համաձայնության են եկել մեր հիմնական մտահոգություններն առաջացնող խնդիրները լուծելու հարցում և հուսադրող առաջընթաց են գրանցել», – ինչպես հաղորդում է չինական Xinhua գործակալությունը, ասել է նա։Ծինփինը նշել է, որ Չինաստանը և ԱՄՆ-ն կարող են օգնել միմյանց հասնելու հաջողության և համատեղ բարգավաճման։

«Տարիների ընթացքում ես բազմիցս հրապարակավ հայտարարել եմ, որ Չինաստանը և Միացյալ Նահանգները պետք է լինեն գործընկերներ և ընկերներ։ Սա է մեզ սովորեցրել պատմությունը, և սա է պահանջում իրականությունը», – նշել է նա։

Չինաստանի ղեկավարն ընդգծել է, որ երկու երկրներն ունեն տարբեր ազգային հատկանիշներ, ուստի պատահական չէ ու բնականոն է, որ աշխարհի երկու խոշորագույն տնտեսությունները ժամանակ առ ժամանակ տարաձայնություններ կունենան։ Այդուհանդերձ, նրա խոսքով, ԱՄՆ-ն ու Չինաստանը պետք է սահուն կերպով առաջ գնան՝ ի հեճուկս առկա մարտահրավերների։

«Ես պատրաստ եմ շարունակել աշխատել նախագահ Թրամփի հետ՝ ամուր հիմք դնելու չին-ամերիկյան հարաբերությունների համար, ստեղծելու բարենպաստ միջավայր մեր երկու երկրների զարգացման համար»,- ասել է Ծինփինը։

Նա հայտնել է նաև, որ Չինաստանի զարգացումը չի հակասում Միացյալ Նահանգների ներկայիս վարչակազմի քաղաքականությանը։ «Չինաստանն ու ԱՄՆ-ն կարող են հասնել փոխշահավետ նվաճումների ու համընդհանուր բարգավաճման և պետք է մնան բարեկամներ ու գործընկերներ»,- հայտարարել է Չինաստանի ղեկավարը։