Foto

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում մատուցվել է սուրբ պատարագ

ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում մատուցվել է պատարագ, որին մասնակցություն են բերել քրեակատարողական հիմնարկների հոգևոր առաջնորդ, հոգեշնորհ Տ․ Իսահակ վարդապետ Պողոսյանը (քարոզիչ), Մայր Աթոռի միաբան, հոգեշնորհ Տ. Վազգեն Աբեղա Կարապետյանը (պատարագիչ), լուսարարապետության ծառայող սարկավագներ Հովհաննես Էվինյանը, Արսեն Մարտիրոսյանը, Դավիթ Մնացականյանը, Կարեն Եղիազարյանը և դպիր Մհեր Սամվելյանը (երգեհոնահար)։

Իր քարոզում Հայր Իսահակը մասնավորաբար նշել է. «Մենք` մարդիկս, նման ենք թույլ ու փխրուն կավե անոթների, բայց Աստված մեզ գանձ է տվել` իր լույսն ու զորությունը, խաչն ու փրկությունը։ Եվ ինչպես որ ժամանակին Տիրոջ աշակերտներն ու առաքյալները ճնշված էին, բայց ոչ ընկճված, հալածված, բայց ոչ լքված, այնպես էլ դուք, սիրելի’ դատապարտյալներ, թեև սահմանափակված եք, բայց ոչ ոք չի կարող ձեզնից ձեր ներսի լույսը հափշտակել։ Դուք ևս կարող եք վերադառնալ ձեր բնական կյանքին ու առաքելությանը` հավատարիմ Աստծու պատկերին և նմանությանը»։ Մասնակիցները բաժանվել են կրկին հանդիպելու ակնկալությամբ։