Foto

Բաքուն շարունակում է կիրառել ՛՛Զանգեզուրյան միջանցք՛՛ եզրույթը՝ դրանով հավասարության նշան դնելով ՛՛Թրամփի երթուղու՛՛ ու ՛՛միջանցքի՛՛ նախագծի միջև

Պաշտոնական Բաքուն շարունակում է կիրառել ՛՛Զանգեզուրյան միջանցք՛՛ եզրույթը՝ դրանով իսկ փաստացի հավասարության նշան դնելով ՛՛Թրամփի երթուղու՛՛ ու 2020 թ.-ից ի վեր առաջ մղվող ՛՛միջանցքի՛՛ նախագծի միջև:


Այս անգամ միջանցքային խոսույթ է բանեցնում Ադրբեջանի էներգետիկայի նախարար Շահբազովը:


Էներգետիկի օրվա առթիվ լույս տեսած իր ծրագրային հոդվածում (20.10.2025) Շահբազովը հայտարարում է ՛՛Ադրբեջան (Նախիջևան)-Թուրքիա-Եվրոպա՛՛ էներգետիկ հանգույցի ձևավորման մասին, որի շրջանակներում արդեն նախագծվում են Ջաբրայիլ-Նախիջևան 330 կՎ և Նախիջևան-Թուրքիա 400 կՎ էլեկտրահաղորդման գծերը:  Ըստ նրա՝ այս հաղորդակցության ՛՛կրող կոնստրուկցիա՛՛ է հանդիսանում ՛՛Զանգեզուրյան միջանցքը՛՛: 


Բաքուն շարունակում է զբաղվել աշխարհաքաղաքական մարքեթինգով՝ ցույց տալով, որ Հայաստանի հարավով նախագծվող հաղորդակցությունը տեղավորվում է Արևմուտքի, հատկապես ԵՄ-ի էներգետիկ ու էներգատրանսպորտային շահերի մեջ: 


Հայաստանին էլ առաջարկվող դիվիդենտն արդեն հնչեցվել է՝ ինտեգրում ՛՛Միջին միջանցքին՛՛, սակայն ոչ թե հաղորդակցությունների համալիր ապաշրջափակմամբ, այլ բացառապես Սյունիքով անցնող ՛՛միջանցքով՛՛: Օրերս դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումների վերացման մասին Բաքվի որոշումը հենց դրա մասին էր: