Foto

Վաղաշենում արտաքին լուսավորության ցանց է կառուցվում

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վաղաշեն գյուղում ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ընթանում են լուսավորության արտաքին ցանցի կառուցման աշխատանքները։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Վաղաշենի վարչական ղեկավար Ասատուր Մարգարյանը, Վաղաշենի արտաքին լուսավորության ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է շուրջ 18 միլիոն դրամ, որի 60 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ 

Ծրագրով նախատեսված է արտաքին լուսավորորության ցանցի կառուցում Վաղաշեն գյուղի 1-ին փողոցի 2-րդ նրբանցքում, 2-րդ փողոցի 1-ի փակուղում և 1-ին նրբանցքում, 4-րդ փողոցի շարունակվող հատվածում ու 1-ին նրբանցքում, 9, 21, 25-րդ փողոցներում՝ շուրջ 4 կմ երկարությամբ, ԼԵԴ համակարգով աշխատող 136 լուսատուների տեղադրմամբ։ 

Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Սաշիկ և Սևակ եղբայրներ» ՍՊԸ-ն։

Շինաշխատանքները, որոնք արդեն իրականացված են շուրջ 50 տոկոսով, նախատեսված է ավարտել 2025 թվականի ընթացքում։ 

Ծրագրի իրականացման արդյունքում Վաղաշենի վերնշյալ փողոցների բնակիչները լուսավորության արտաքին ցանցից օգտվելու հնարավորություն ունենալու են առաջին անգամ։