Foto

Բաքվի որոշումն ունի շատ հստակ աշխարհաքաղաքական չափում. Վ. Դավթյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանը  գրել է․

Դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումների վերացման մասին Բաքվի որոշումն ունի շատ հստակ աշխարհաքաղաքական չափում:
Իր որոշմամբ Բաքուն ցույց է տալիս, որ Հարավային Կովկասում հնարավոր է ձևավորել դիվերսիֆիկացված, իսկ ավելի ճիշտ՝ ռուսական ազդեցությունից դուրս գտնվող տրանսպորտային-լոգիստիկ համակարգ:
Մասնավորապես, Ղազախստան-Ադրբեջան-Վրաստան-Հայաստան երթուղով ցորենի փոխադրումը լիովին տեղավորվում է ՛՛Միջին միջանցք՛՛ ռազմավարության մեջ, որի առանցքային նպատակն է ձևավորել Ռուսաստանը շրջանցող երթուղի՝ Եվրոպա-Կովկաս-Ասիա հաղորդակցության ներքո՝ նպատակ, որը երբևէ չի թաքցվել նախագծի շահառուների կողմից:
Ինչու՞ են Բաքուն ու Երևանը պայմանավորվել հենց Ղազախստանից ցորենի տարանցման ու ներկրման մասին, այլ ոչ թե, օրինակ, Ռուսաստանից՝ հաշվի առնելով, որ 2024 թ. Հայաստանի հացահատիկի պահանջարկի 99,9%-ը, իսկ ցորենի՝ մոտ 50 %- ը բավարարվել է հենց Ռուսաստանից ներկրումների միջոցով:
Նախ՝ Ղազախստանը ՛՛Միջին միջանցքի՛՛ առանցքային խաղացողներից է, որը հանդես է գալիս որպես Եվրոպա-Կովկաս-Ասիա լոգիստիկայի կարևոր հանգույց: Վերջինս, ինչպես գիտենք, ռուս-իրանա-հնդկական ՛՛Հյուսիս-Հարավ՛՛ նախաձեռնության գլխավոր անտագոնիստն է:
Ս.թ. օգոստոսին Ղազախստանը 5-ամյա դադարից հետո վերակագնեց ցորենի և ալյուրի արտահանումը Ադրբեջան, Վրաստան և Իրան: Հավանաբար, այս ֆոնին Երևանի ու Աստանայի միջև ձեռք է բերվել համաձայնություն ներկրման մասին, ինչին արձագանքել է Բաքուն՝ ելնելով սեփական գեոտնտեսական հաշվարկներից:
Այդ հաշվարկներն առավել քան հստակ են՝
հնարավորինս զարկ տալ տարածաշրջանում ՛՛Միջին միջանցքի՛՛ դիվերսիֆիկացմանը ու դրանով իսկ բարձրացնել սեփական կշիռը Եվրոպայում: Վերջինս տեսնում է Հայաստանը որպես Global Getaway նախաձեռնության մասնակից, այսինքն՝ նույն ՛՛Միջին միջանցքի՛՛ մաս, որը պատրաստ է Սյունիքով հաղորդակցություն տրամադրել՝ Կասպիից Եվրոպա ածխաջրածինների անխոչընդոտ արտահանման համար (՛՛Անդրկասպյան գազամուղ՛՛): Սա, իր հերթին, թույլ կտա Ադրբեջանին կատարել ԵՄ առաջ ստանձնված պարտավորությունները՝ 2027 թ.-ից ի վեր կրկնապատկելու բնական գազի մատակարարումները:
PR չափման մեջ այս ամենը ներկայացվելու է որպես նախագիծ, որը կոչված է ապահովելու Հայաստանի տրանսպորտային կապը Եվրոպայի ու Ասիայի հետ:
Վատ առիթ չէ նախընտրական քարոզչության համար: