Հաագայում մի շարք երկրների առաջնորդներ, այդ թվում՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, քննարկել են Միջազգային պահանջների հանձնաժողով ստեղծելու հարցը, որը նախատեսում է ռուսական կողմի հարձակումների և ենթադրյալ պատերազմական հանցագործությունների պատճառած վնասի համար հարյուր միլիարդավոր դոլարներ պահանջել։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ այս մասին հայտնում է «Reuters»-ը՝ հավելելով, որ Եվրոպայի և այլ երկրների տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալասը, մասնակցել են Նիդեռլանդների և Եվրոպայի խորհրդի կազմակերպած՝ 46 երկրներից բաղկացած իրավապաշտպան կազմակերպության մեկօրյա համաժողովին։
Ըստ աղբյուրի՝ Նիդեռլանդներում գործող հանձնաժողովի գլխավոր գրասենյակի կողմից շնորհված փոխհատուցման վճարման մանրամասները դեռևս պետք է մշակվեն: Այնուամենայնիվ, նախնական քննարկումները շոշափել են ԵՄ-ի կողմից սառեցված ռուսական ակտիվների օգտագործման հնարավորությունը՝ անդամ պետությունների ներդրումներից լրացուցիչ ֆինանսավորմամբ:
«Նպատակն է ստանալ հաստատված պահանջներ, որոնք, ի վերջո, կվճարի Ռուսաստանը», – ասել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Վան Վիլը լրագրողներին:
Հանձնաժողովը, որն Ուկրաինայի համար միջազգային փոխհատուցման մեխանիզմի երկրորդ մասն է, կքննարկի, կգնահատի և կորոշի 2023 թվականին Եվրոպայի խորհրդի կողմից ստեղծված վնասների գրանցամատյանին ներկայացված դիմումները և կորոշի փոխհատուցման չափը՝ յուրաքանչյուր դեպքի համար առանձին:
Նախաձեռնության շրջանակներում կարող են ներկայացվել Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ կամ նրա տարածքում գործողությունների հետևանքով պատճառված վնասի, կորուստների կամ վնասի փոխհատուցման պահանջներ 2022 թվականի փետրվարի 24-ի ներխուժման ընթացքում կամ դրանից հետո։









