Foto

Էկոպարեկայինի ՔՊ-ական պետը բռնվել է կեղծիքի պատճառով․ զրկվել է վարորդական իրավունքից

Էկոպարեկային ծառայության պետ, ՔՊ-ական Վլադիմիր Կիրակոսյանը հերթական անգամ հայտնվել է սկանդալի կենտրոնում, գրել է լրագրող Լիա Սարգսյանը։

««Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ վերջերս Գեղարքունիքի պարկային ծառայության աշխատակիցները բռնել են նրան՝ փոխարինված (կեղծ) համարանիշներով մեքենա վարելիս, ինչից հետո Կիրակոսյանին տեղախոխել են տուգանային հրապարակ եւ զրկել վարորդական իրավունքից։

ՆԳ նախարարությունից «Իշխանության» հարցմանն ի պատասխան տեղեկությունը չհերքեցին, սակայն այլ մանրամասներ չհայտնեցին՝ հղում անելով անձնական տվյալների գաղտնիությանը։ Պարզ է, իրավախախտը ՔՊ-ական պաշտոնատար անձ է, տեղեկությունը փորձում են գաղտնի պահել՝ խուսափելով հանրային արձագանքից։ Պաշտոնատար անձի գործողությունների վերաբերյալ նախաքաննական մարմին նյութեր չի ուղարկվել, այս դեպքով վարույթ չկա։ Սա անպատժելիության հերթական դրսևորումն է, ինչը վկայում է, որ օրենքը Հայաստանում «յուրայինների» համար չէ։

Փաստն այն է, որ բարձրաստիճան պաշտոնյա է բռնվել իրավախախտման մեջ։ Երբ վարույթ նախաձեռնեին եւ քննությամբ ապացուցվեր, որ Կիրակոսյանը կեղծ համարներ է օգտագործել, սա առնվազն քրեական հանցագործություն է (քր․ օրենսգիրք, հոդված 458)։

Այս դեպքը լուրջ հարցեր է առաջացնում ոչ միայն անհատի, այլև ողջ համակարգի վերաբերյալ։ Ինչպես կարող է պետական բարձր պաշտոն զբաղեցնող անձը, բնության «ոստիկանապետը», որն ի պաշտոնե պարտավոր է հետևել օրենքին ու օրինականությանը, ինքն է դրսևորում հակաօրինական վարքագիծ։

Հիշեցնենք, որ Կիրակոսյանի ղեկավարած կառույցի երեք էկոպարեկները բռնվել էին Իրանից Երեւան թմրանյութ տեղափոխելիս եւ կալանավորվել։ Մինչ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե պայքարում է գողական բարքերի դեմ, 90-ականների գողական բարքերի կրողները շարունակում են բարձր պաշտոն զբաղեցնել՝ այն էլ օրինականության պահպանման ոլորտում։

Մոտ 1000 աշխատակից ունեցող կառույցի ՔՊ-ական ղեկավարը փաստացի խուլիգանություն է կատարել , իսկ համակարգը լուռ է։ Իշխանությունը պարտավոր է պաշտոնական պարզաբանում տալ եւ «մաքրել» պետական ապարատը նման մարդկանցից, որովհետև երբ ոստիկանապետին հավասարազոր պաշտոն զբաղեցնողը միտումնավոր փոխում կամ կեղծում է մեքենայի համարանիշը, ապա այստեղ խոսքը միայն վարչական իրավախախտման մասին չէ, այլ՝ պետական մտածողության, խուլիգանության, գողական բարքերի»։