Իսրայելական ռազմական ինքնաթիռները ռմբակոծել են Լիբանանի հարավում գտնվող Ջարմակ և Մահմուդիա շրջանները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը (NNA):
Ութ ավիրահարվածներն ուղղվել են Լիբանանի հարավային դաշտավայրային շրջաններին՝ առաջացնելով պայթյուններ ու անտառային հրդեհներ։
Նաբատիե շրջանի քաղաքացիական պաշտպանության խմբերը և Իսլամական առողջապահության մարմինը աշխատանքներ են տանում հրդեհները տեղայնացնելու և մարելու ուղղությամբ։
Իսրայելի պաշտպանության բանակը հաղորդագրության մեջ նշել է, որ բանակը հարվածներ է հասցրել Լիբանանի Նաբատիեում «Հեզբոլլահ»-ի օբյեկտներին։
««Հեզբոլլահ» ահաբեկչական կազմակերպությունը շարունակում է Լիբանանում ահաբեկչական ենթակառուցվածքների վերականգնման փորձերը։ Ահաբեկչական ենթակառուցվածքների օբյեկտների առկայությունը և «Հեզբոլլահ» ահաբեկչական կազմակերպության գործունեությունը խախտում են Իսրայելի և Լիբանանի միջև կնքված համաձայնությունները», - նշված է հայտարարության մեջ։
Իսրայելի պաշտպանության բանակը նաև նշել է, որ կշարունակի գործել ցանկացած սպառնալիք վերացնելու և Իսրայելի Պետությունը պաշտպանելու համար։
Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ չնայած «Հեզբոլլահ»-ի և Իսրայելի միջև 2024 թ. նոյեմբերի 27-ին կնքված հրադադարի համաձայնագրին, Իսրայելն այս տարվա սկզբից ի վեր Լիբանանի տարածքում իրականացրել է ավելի քան 4000 հարձակում։ Այդ հարձակումների և հրետակոծությունների հետևանքով զոհվել է 267, վիրավորվել՝ 608 մարդ։
Հակառակ հրադադարի համաձայնագրին՝ իսրայելական բանակը մասամբ է դուրս եկել հարավային Լիբանանից՝ շարունակելով իր ենթակայության տակ պահել վերջին պատերազմի ժամանակ գրաված լիբանանյան հինգ կարևոր բլուրները։