Foto

Վրաստանում Թուրքիայի հինգ քաղաքացի է ձերբակալվել՝ ռեստորանում տեղի ունեցած դանակահարության համար

Աջարիայի ՆԳՆ ոստիկանության վարչության աշխատակիցների կողմից համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ձերբակալվել են Թուրքիայի Հանրապետության հինգ քաղաքացիներ՝ 1999 թ. ծնված Մ.Օ.-ն, 1998 թ. ծնված Ա.Կ.-ն, 2002 թ. ծնված Ֆ.Ա.-ն, 1996 թ. ծնված Հ.Կ.-ն և 1992 թ. ծնված Բ.Գ.-ն, հայտնում է «Գրուզիա Օնլայն»-ը։

Մ.Օ.-ն մեղադրվում է դիտավորյալ ծանր մարմնական վնասվածք հասցնելու մեջ, իսկ Ա.Կ.-ն, Ֆ.Ա.-ն, Ա.Խ.Կ.-ն և Բ.Գ.-ն՝ մի խումբ անձանց կողմից կատարված խուլիգանության մեջ։

Այս հանցագործությունների համար նախատեսված պատիժը մինչև 7 տարի ազատազրկումն է։

Քննությամբ պարզվել է, որ Խելվաչաուրիի մունիցիպալիտետում գտնվող ռեստորանում մեղադրյալ Մ.Օ.-ն դանակով վնասվածքներ է հասցրել Թուրքիայի Հանրապետության երկու քաղաքացիներին՝ 2001 թ. ծնված Դ.Օ.-ին և 1994 թ. ծնված Ու.Օ.-ին։ Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ նրանց ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն։

Խուլիգանության մեղադրանքով ձերբակալված չորս անձանց նկատմամբ քննությամբ պարզվել է, որ նրանք կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը նշված ռեստորանում, վիրավորել են այցելուներին և փչացրել ռեստորանի գույքը։

Շարունակվում են գործի վերաբերյալ համապատասխան դատավարական և քննչական գործողությունները։

Քննությունը տարվում է Քրեական օրենսգրքի 117-րդ և 239-րդ հոդվածներով։