Ցավոք սրտի մեզ մոտ կալանքը ֆետիշացման է վերածվել։ Մասիս Մելքոնյանի մոտ արդարադատություն ակնկալելը, նույնիսկ ռոմանտիկ մարդու դեպքում չի ստացվում։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 18–ին, հրավիրված հանրահավաքից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Վարդեւանյանը՝ անդրադառնալով Ալեքսանդր Կոչուբաեւի կալանավորմանը։
«Ես նույնպես մասնակցել եմ Կոչուբաևին կալանավորելու միջնորդության քննությանը։ Ըստ էության, կարող եմ հրապարակայնացնել այն, ինչ ասել եմ այդ դատական նիստի ընթացքում։ Կոչուբաևի կողմից կատարված գրառումը ինձ համար ընդունելի չէ։ Իմ կողմից օգտագործված բառամթերքի օգտագործման մեջ ընտրությունը շատ խիստ եմ կատարում, և ես հակված եմ նրան, որ մեր հասարակության մեջ մենք մաքսիմալ պետք է զերծ մնանք նման բնույթի արտահայտություններից։ Եվ իհարկե առաջին հերթին սա վերաբերվում է օրվա իշխանություններին, որովհետև այդ պայմանական «Պանդորայի» արկղը իրենք են բացել։ Արդյո՞ք Կոչուբաևի արտահայտությունների մեջ կար որևէ հանցանքի հատկանիշ՝ ոչ, արդյո՞ք կա անընդունելի ձևակերպում, այո, կարելի է նաև այդպես ձևակերպել, բայց դա ինչ կապ ունի քրեական վարույթի հետ, կալանքի հետ»,– ասաց նա։
Վարդեւանյանի խոսքով, երբ միջնորդության քննությունը մակագրվել էր դատավոր Մասիս Մելքոնյանին, ելքն արդեն պարզ էր. «Նիստի ժամանակ ես դիմելով Մասիս Մելքոնյանին, ասացի՝ համոզված եմ, դուք կայացնելու եք կալանքի որոշում, բայց եկեք զարմացրեք բոլորիս, և ցույց տվեք, որ կարող եք իրականացնել արդարադատություն»։
Հիշեցնենք, որ Կոչուբաեւը ֆեյսբուքյան գրառման համար երկու ամսով կալանավորվել է։