Foto

Հայկական զորքեր՝ Ադրբեջանի տարածքո՞ւմ․ Ալեն Սիմոնյանի խնդրահարույց հայտարարության հետքերով. Սիվիլնեթ

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 11-ին լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով Ադրբեջանի զինված ուժերի Հայաստանի տարածքից դուրսբերման պահանջին, հայտարարել էր, թե հայկական զորքերն էլ Ադրբեջանի տարածքում են։

CivilNetCheck-ը, հիմնվելով բաց աղբյուրների, արբանյակային լուսանկարների և խորհրդային քարտեզների վրա, ուսումնասիրել է, թե որքանով են Սիմոնյանի նշած թվերը համապատասխանում իրականությանը։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև դե յուրե սահմանագծի ընդհանուր երկարությունը, ներառյալ՝ Նախիջևանի հետ հատվածը, մեր հաշվարկով կազմում է մոտ 925 կմ, որի երկայնքով քարտեզագրվել է շուրջ 750 ադրբեջանական և մոտավորապես նույնքան հայկական առաջնային մարտական դիրք։

Մեր ուսումնասիրության համաձայն՝ սահմանագծի որոշ հատվածներում հայկական ուժերի վերահսկողության ներքո է Ադրբեջանի դե յուրե տարածքի ընդհանուր շուրջ 21 քառ. կմ, որը չի չներառում անկլավների որևէ տարածք։ Սա մոտ հինգ անգամ պակաս է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարած «ենթադրաբար 110 քառ. կմից»։

Միաժամանակ, Ադրբեջանի զինված ուժերը վերահսկում են Հայաստանի դե յուրե տարածքի առնվազն 230 քառ. կմ. նրանք սահմանագծի շուրջ 20 հատվածներում ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք։ Ընդ որում, առավել մեծ տարածքները ադրբեջանական կողմը գրավել է 2021-2022 թվականներին Հայաստանի դեմ լայնածավալ հարձակումների ժամանակ»,– պարզել է կայքը։