Մեծ Բրիտանիայի Չարլզ 3-րդ թագավորը և Հռոմի պապ Լևոն 14-րդը կդառնան առաջին բրիտանացի միապետն ու պապը, որոնք միասին կաղոթեն եկեղեցական պատարագին 16-րդ դարի Ռեֆորմացիայի ժամանակներից ի վեր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է BBC-ն։
Այս պատմական պահը տեղի կունենա Վատիկանի Սիքստինյան կապելլայում՝ Չարլզ թագավորի և Քամիլա թագուհու պետական այցի ժամանակ, որը տեղի կունենա հաջորդ շաբաթ։
Պատարագի ընթացքում հանդես կգան հոգևորականներ և երգչախմբեր Հռոմի կաթոլիկ եկեղեցուց և Անգլիկան եկեղեցուց, որի գերագույն ղեկավարն է թագավորը։
Այցը կդիտարկվի որպես հաշտեցման կարևոր խորհրդանիշ, որի ընթացքում տեղի կունենա Չարլզ 3-րդ թագավորի և Հռոմի պապի առաջին հանդիպումը։
Հոկտեմբերի 22-23-ին կայանալիք պետական այցի ընթացքում կանցկացվեն մի շարք հանդիպումներ, որոնք կընդգծեն Անգլիկան եկեղեցու և կաթոլիկ եկեղեցու միջև ջերմ հարաբերությունները։
Բուքինգհեմյան պալատի և Անգլիկան եկեղեցու տվյալներով՝ 16-րդ դարում Հենրի VIII-ի՝ Հռոմից անջատվելուց ի վեր նմանատիպ դեպք չի եղել, երբ բրիտանացի միապետը և Հռոմի պապը միասին աղոթեն եկեղեցական արարողության ժամանակ։