Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը՝ Գործարար կապերի ֆրանկոֆոնիայի ֆորումի հետ համատեղ, դեսպանությունում կազմակերպել է «Հայաստան-Ֆրանսիա» տնտեսական հանդիպում, այս մասին հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը՝ մանրամասնելով, որ միջոցառմանը մասնակցել են ֆրանսիական տնտեսական ու գործարար շրջանակների ավելի քան երեք տասնյակ ներկայացուցիչներ, ինչպես նաև Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պաշտոնյաներ։
Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել Գործարար կապերի ֆրանկոֆոնիայի ֆորումի նախագահ, «BRED Banque Populaire» ֆրանսիական բանկի վարչական խորհրդի նախագահ Ստեվ Ժանտիլին։ Այնուհետ զեկույցով հանդես է եկել Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանը, ով ներկայացրել է Հայաստանի աշխարհաքաղաքական և տնտեսական իրավիճակը։
«Դեսպանն անդրադարձել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված համատեղ հռչակագրին, որով նշանավորում է տարածաշրջանում խաղաղության հաստատումը։ Ընդգծել է, որ տրանսպորտային կապուղիների ամբողջական ապաշրջափակումը՝ միջազգային իրավունքի հանրահայտ սկզբունքների հարգմամբ, «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության և TRIPP նախագծի իրագործումը խթան կհանդիսանան տնտեսական աճի և կայունության համար»,-ասված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ դեսպան Խաչատրյանն անդրադարձել է նաև Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշներին ու զարգացման միտումներին, Հայաստանի տնտեսության առաջատար ուղղություններին, Հայաստանում ներդրումներ իրականացնելու համար բարենպաստ պայմաններին։
Դեսպան Արման Խաչատրյանը խոսել է Հայաստան-Ֆրանսիա տնտեսական համագործակցության, մասնավորապես՝ ռազմավարական նշանակություն ունեցող համատեղ ծրագրերի, Հայաստանում ֆրանսիական կապիտալով գործող ընկերությունների գործունեության, երկու երկրների միջև առևտրաշրջանառության, ինչպես նաև գործակցության ընդլայնման հնարավորությունների մասին։
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակում՝ դեսպանն առանձնացրել է 2027 թվականին Հայաստանում նախատեսվող Ֆրանկոֆոնիայի խաղերի անցկացումը, ինչպես նաև անդրադարձել Կազմակերպության հետ արդյունավետ համագործակցությանը, անդամ երկրների հետ տնտեսական կապերին։
Դեսպանության փոխանցմամբ՝ ելույթներ են ունեցել նաև տնտեսագիտության ու ֆինանսների հարցերով խորհրդատու Նելլի Սարկիսյանը և Ֆրանսիայում Արդշինբանկի ներկայացուցիչ Գեորգի Հարությունյանը։ Հանդիպման ավարտին մասնակիցները հարցեր են ուղղել բանախոսներին։