Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) անվտանգության և հետախուզության մարմինների ղեկավարները հուշագիր են ստորագրել, որում հաստատվել է փոխգործակցության և համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը՝ պետական շահերը պաշտպանելու և արտաքին ազդեցությունից անվտանգությունն ապահովելու համար:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այս մասին հայտնել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության մամուլի կենտրոնը Սամարղանդում ԱՊՀ հետախուզական ծառայությունների ղեկավարների 21-րդ նիստից հետո:
Հայտարարության համաձայն՝ միջոցառմանը մասնակցել են Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի անվտանգության և հետախուզական մարմինների ղեկավարները:
Հանդիպման ընթացքում քննարկվել են 2024 թվականի համագործակցության արդյունքները և ԱՊՀ երկրներում ներքաղաքական կայունությունը խաթարելուն ուղղված միջազգային ապակառուցողական ուժերին հակազդելու՝ հետախուզական ծառայությունների ջանքերի համակարգման արդիական հարցեր։
«Միջոցառման արդյունքներով ստորագրվել է հուշագիր, որով հաստատվել է գործող փոխգործակցության մեխանիզմի հետագա կատարելագործման, համագործակցության ձևերի և ոլորտների ընդլայնման անհրաժեշտությունը՝ պետական շահերը պաշտպանելու և ԱՊՀ երկրների անվտանգությունն արտաքին բացասական ազդեցությունից ապահովելու համար», - նշված է հայտարարության մեջ։
Իր ելույթում Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը մանրամասն ներկայացրել է ներկայիս համաշխարհային իրավիճակն՝ առանձնահատուկ կերպով կենտրոնանալով համաշխարհային կարգի վերափոխման համատեքստում ԱՊՀ երկրների առջև ծառացած մարտահրավերների և հնարավորությունների վրա։
Նա նաև նշել է, որ գործընկեր հետախուզական ծառայություններից յուրաքանչյուրը ձեռք է բերել արտաքին և ներքին սպառնալիքներին հակազդելու եզակի փորձ, որի փոխանակումը ԱՊՀ երկրներին դարձնում է ավելի դիմացկուն և ուժեղ։
Պատվիրակությունների ղեկավարները նաև աջակցություն են հայտնել անվտանգության հարցերի շուրջ երկխոսության շարունակականությանը։
Ուզբեկստանն առաջին անգամ է հյուրընկալել ԱՊՀ երկրների անվտանգության և հետախուզության մարմինների ղեկավարների խորհուրդը։
Իսկ ավելի վաղ՝ հոկտեմբերի 16-ին, Սամարղանդում տեղի է ունեցել ԱՊՀ երկրների անվտանգության և հետախուզության մարմինների ղեկավարների խորհրդի 57-րդ նիստը։