Ադրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար և անվտանգության խորհրդի անդամ Ռամիզ Մեհդիևը ծրագրել էր Ռուսաստանի աջակցությամբ իշխանություն զավթել Ադրբեջանում: Ադրբեջանական պետական APA գործակալության տեղեկություններով՝ պլանը ռուսական կողմը բացահայտել է Դուշանբեում՝ նախագահների հանդիպման ժամանակ։
Մեհդիևն առաջարկել է իշխանությունը բռնի զավթելուց հետո ստեղծել ժամանակավոր մարմին, որի գլխին պետք է կանգնած լիներ ինքը՝ 87-ամյա նախկին պաշտոնյան։ Այդ խորհրդի ենթադրյալ անդամների մասին տեղեկությունը Մեհդիևը փոխանցել է նաև ռուսական կողմին։
APA-ի տեղեկություններով՝ Դուշանբեում Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հանդիպման ժամանակ հենց ռուսական կողմն է Բաքվին հայտնել Մեհդիևի առաջարկի և նրա ցանցի գործունեության մասին: Ակնհայտ է, որ Մոսկվան հրաժարվել է Մեհդիևի աջակցությունից և այդ մասին պաշտոնապես տեղեկացրել ադրբեջանական կողմին: