«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի գործունեությունը կդադարեցվի։ Այս մասին համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Որոշմամբ առաջարկվում է հիմնարկում պահվող դատապարտյալների և կալանավորված անձանց բուժման գործընթացը կազմակերպել «Արմավիր» ՔԿՀ–ում ստեղծված «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի նոր տեղամասում, իսկ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց բուժումը` «Հոգեկան առողջության պահպանման ազգային կնետրոն» մասնագիտական կենտրոնում:
«Այսպիսով, ակնկալվում է ապահովել քրեակատարողական համակարգի առավել օպտիմալ և արդյունավետ գործունեությունը, ինչպես նաև դրա առջև դրված խնդիրների լուծման նպատակով հատկացվող ֆինանսական միջոցների արդյունավետ և նպատակային տնօրինումը»,- ասված է որոշման հիմնավորման մեջ։
Ինչ վերաբերվում է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ին ամրակցված զենքերին, զինամթերքին և հատուկ միջոցներին, ապա դրանք կհանձնվեն ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի պահպանության ապահովման բաժին` դատապարտյալների և կալանավորված անձանց փոխադրման գործընթացն իրականացնելուց հետո։
Ի դեպ, «Դատապարտյալների հիվանդանոցի», ինչպես նաև «Նուբարաշեն», «Վարդաշեն», «Երևան–Կենտրոն» քրեակատարողական հիմնարկները փակելու հնարավորությունը նախատեսվել է քննարկել ՀՀ արդարադատության նախարարի 2023 թ. հոկտեմբերի 20-ի հրամանի հիման վրա: