Foto

Իսրայելն ու «Համաս»-ը միմյանց են մեղադրում հրադադարի խախտման մեջ․ Ռաֆահի սահմանը դեռ փակ է

Իսրայելն ու «Համաս»-ը կրկին փոխադարձ մեղադրանքներ են հնչեցրել հրադադարի խախտման հարցում՝ մինչեւ Գազայի Ռաֆահի անցակետի հնարավոր վերաբացումը Եգիպտոսի հետ։ Ինչպես հայտնում է Reuters-ը, Իսրայելը հայտարարել է, որ սահմանը կբացվի միայն մարդկանց ելումուտի համար՝ առանց հումանիտար օգնության մուտքի թույլտվության։ Կողմերը չեն կարողանում համաձայնության գալ հատկապես գերիների մարմինների վերադարձիհարցում․ Թել Ավիվը պահանջում է վերադարձնել բոլոր 28-ի աճյունները, մինչդեռ «Համաս»-ը պնդում է, որ դրա համար անհրաժեշտ է թույլատրել հողային տեխնիկայի մուտքը Գազա։


«Համաս»-ը Իսրայելին մեղադրել է հրադադարի պայմանների խախտման մեջ՝ նշելով, որ Իսրայելական ուժերը սպանել են առնվազն 24 պաղեստինցիների՝ ութօրյա հրադադարի ընթացքում։ Իսրայելի բանակը հերքել է մեղադրանքները՝ պնդելով, թե զինվորները կրակ են բացել միայն այն ժամանակ, երբ պաղեստինցիները մոտեցել են սահմանային դիրքերին։ Միաժամանակ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած 20-կետանոց խաղաղության ծրագրի հաջորդ փուլը նախատեսում է, որ «Համաս»-ը հրաժարվի զենքից և իշխանությունից՝ ինչը շարժումն այս պահին մերժում է։

Միևնույն ժամանակ Գազայում հումանիտար ճգնաժամը խորանում է։ ՄԱԿ-ի մարդասիրական հարցերով փոխքարտուղար Թոմ Ֆլեթչերը հայտարարել է, որ սովի պայմաններում գտնվող տարածաշրջանին շաբաթական հազարավոր բեռնատարներ են անհրաժեշտ՝ օգնություն հասցնելու համար։ Իսրայելը հայտնել է, որ 600 բեռնատար արդեն հաստատվել է մուտքի համար, սակայն Գազայի «Համաս»-ի լրատվական գրասենյակը դա անվանել է «կաթիլ օվկիանոսում»՝ նշելով, որ տարածքը գրեթե ամբողջությամբ ավերված է և ավելի քան 68 հազար պաղեստինցի է զոհվելպատերազմական գործողություններից հետո։


lurer.com