Foto

Աճում է «3+3» մեխանիզմի արդիականությունը. Ադրբեջանի փոխվարչապետ

Ադրբեջանի Հանրապետությունը հավատարիմ է բարիդրացիության, փոխըմբռնման և հավասար իրավունքներով գործընկերության սկզբունքներին ինչպես Իրանի Իսլամական Հանրապետության, այնպես էլ Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններում։ 

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը՝ Բաքվում ընթացող Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի կառավարության ներկայացուցիչների եռակողմ հանդիպման ժամանակ։

«Այս առումով վստահ ենք, որ երկու երկրների հետ մեր բազմակողմ հարաբերությունները կշարունակեն զարգանալ բարեկամության և փոխշահավետ համագործակցության ոգով՝ թե՛ երկկողմ, թե՛ եռակողմ ձևաչափերով»,– նշել է նա։

Մուստաֆաևի խոսքով՝ այդ տեսանկյունից աճում է «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախաձեռնությամբ ստեղծված 3+3 տարածաշրջանային խորհրդակցությունների մեխանիզմի արդիականությունը»։

«Այս նախաձեռնությունը լրացնում է առկա երկկողմ և այլ համագործակցության ձևաչափերը, ամրապնդում է տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը, ինչպես նաև ստեղծում է տնտեսական աճի ու առաջընթացի նոր հնարավորություններ։ Կցանկանայի նաև նշել, որ մեր երկրների միջև հանդիպումների եռակողմ ձևաչափը նույնպես ստեղծվել է նախագահ Իլհամ Ալիևի նախաձեռնությամբ»,– ասել է նա։

Աղբյուրը՝ lurer.com