Գեղարքունիքի մարզի տնտեսություններում 2025 թվականի սեպտեմբերի վերջից ընթանում են աշնանացան ցորենի ցանքի աշխատանքները։
«Արմենպրես»-ի թղթակցին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչությունից տեղեկացրին, որ 2025 թվականի հոկտեմբերի 10-ի դրությամբ մարզի տնտեսություններում արդեն կատարվել է 2486 հեկտար աշնանացան ցորենի ցանք, որից 1200 հեկտարը՝ Վարդենիս, 650 հեկտարը՝ Գավառ, 326 հեկտարը՝ Մարտունի, 220 հեկտարը՝ Ճամբարակ և 90 հեկտարը՝ Սևան համայնքներում։
Աշնանացանի աշխատանքները մարզում կշարունակվեն մինչև հոկտեմբերի վերջերը։
«Նախորդ տարվա 10 հազար 294,1 հեկտար աշնանացանի համեմատ այս տարի ակնկալում ենք ցանքերի որոշակի ավելացում՝ ելնելով այն հանգամանքից, որ ՀՀ կառավարության 2025 թվականի մարտի 25-ի համապատասխան որոշմամբ՝ «Բուսաբուծության աջակցության պետական ծրագրի» շրջանակներում սուբսիդավորվում են նաև աշնանացան ցորենի ցանքերը՝ 1 հեկտարի համար 80 հազար դրամի չափով»,-ներկայացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչությունից։