Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) երկրների ղեկավարները Դուշանբեի գագաթնաժողովում հաստատել են «ԱՊՀ պլյուս» ձևաչափի ստեղծումը, վկայում է Կրեմլի հրապարակած փաստաթղթերի ցանկը, որոնք ստորագրվել են բարձր մակարդակի հանդիպման արդյունքներով: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:
Բացի անվտանգության՝ ահաբեկչության հակազդման և ռազմական համագործակցության հարցերի շուրջ հռչակագրերից և հայեցակարգերից, պետությունների ղեկավարները նաև ընդունել են «որոշում «Անկախ Պետությունների Համագործակցություն պլյուս» ձևաչափ ստեղծելու մասին»:
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Մոսկվան հավանություն է տալիս նոր ձևաչափի ստեղծմանը, քանի որ այն թույլ կտա ԱՊՀ-ի հետ համագործակցության մեջ ավելի ակտիվորեն ներգրավել այլ երկրներին և միջազգային կառույցներին: ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը գաղափարը բնութագրել է որպես օգտակար, որն անհրաժեշտության դեպքում թույլ կտա կոնկրետ խնդիրների լուծմանը ներգրավել այս կամ այն արտաքին պետությանը: