Foto

Պակիստանի ռազմաօդային ուժերը հարված են հասցրել Աֆղանստանի Պակտիկայի նահանգին

Պակիստանի ռազմաօդային ուժերի կործանիչները լույս հոկտեմբերի 10-ի գիշերը հարված են հասցրել Աֆղանստանի արևելյան Պակտիկայի նահանգին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Tolo News աֆղանական հարթակը՝ հղում անելով տեղական աղբյուրների։

«Գիշերը Պակիստանի ռազմաօդային ուժերի կործանիչները գրոհել են Պակտիկայի նահանգի Բարմալ գավառի «Մորգխա» շուկայի վրա», - ասվում է հարթակի Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ մոտավորապես կեսգիշերին կատարված ավիահարվածի հետևանքով զոհեր չկան, սակայն ամբողջությամբ ավերվել է շուրջ տասը խանութ, ևս մի քանիսն այրվել են։

Հոկտեմբերի 9-ի ուշ երեկոյան պակիստանյան անօդաչու թռչող սարքը Քաբուլում գրոհել էր զրահապատ արտաճանապարհային մեքենայի վրա, որում գտնվում էր Պակիստանի թալիբների ղեկավար Նուր Վալի Մեհսուդը, ինչպես նաև նրա հնարավոր ժառանգորդներ Սեյֆուլլա Մեհսուդը և Խալիդ Մեհսուդը։ 

Pakistan Observer պարբերականի տվյալներով՝ այրված մեքենայում գտնվող բոլոր երեք անձինք, ենթադրաբար, զոհվել են։ Աֆղանստանի իշխանությունները դեռևս սպառիչ մեկնաբանություններ չեն տվել միջադեպերի վերաբերյալ։ 

Միևնույն ժամանակ, Աֆղանստանում հաշտեցման հարցերով ԱՄՆ նախկին հատուկ ներկայացուցիչ Զալմայ Խալիլզադը կոչ է արել Քաբուլին և Իսլամաբադին անհապաղ բանակցություններ անցկացնել ահաբեկիչներին ապաստարաններ տրամադրելու խնդրի շուրջ և զերծ մնալ փոխադարձ զինված գործողություններից։