Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ուղերձ է հղել Հոգեկան առողջության համաշխարհային օրվա առիթով:
Ուղերձում ասվում է.
«Հոկտեմբերի 10-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես Հոգեկան առողջության համաշխարհային օր։
Այս օրը կոչ է՝ միավորելու պետության, հասարակության և մասնագիտական համայնքի ջանքերը՝ ուղղված հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը։
Որպես Մարդու իրավունքների պաշտպան` մշտապես եմ ընդգծում, որ հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը պետք է հիմնվի հավասարության, անհատական մոտեցման, խտրականության բացառման և մարդու արժանապատվության հարգման սկզբունքների վրա։
Մշտադիտարկման արդյունքները ցույց են տալիս, որ հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող անձանց իրավունքների երաշխավորման տեսանկյունից առկա են բազմաթիվ խնդիրներ: Դրանք, ի թիվս այլնի, վերաբերում են պաշաճ հոգեբուժական օգնության և սպասարկման տրամադրմանը, համայնքահեն ծառայությունների բացակայությանը, իրենց վերաբերյալ որոշումների կայացման գործընթացում աջակցող մեխանիզմների բացակայությանը և այլն:
Հարկ է ընդգծել, որ հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրները վեր հանելու և դրանց լուծման արդյունավետ կառուցակարգեր մշակելու նպատակով պաշտպանը ամենօրյա ռեժիմով է իրականացնում մշատադիտարկման աշխատանքներ, չհայտարարված այցեր, այդ թվում` հոգեբուժական օգնություն ու սպաասարկում, խնամք և պաշտպանություն իրականացնող տարբեր հաստատություններ:
Պաշտպանի գործունեության արդյունքում բացահայտված խնդիրները մանրամասն ուսումնասիրվում և ամփոփվում են՝ դրանց լուծման ուղիները ներկայացնելով համապատասխան պետական մարմիններին։ Արձանագրված բոլոր խնդիրներն ու առաջարկություններն արտացոլվում են նաև Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան և արտահերթ հրապարակային զեկույցներում։
Միայն համատեղ ջանքերով կարելի է կառուցել հասարակություն, որտեղ կերաշխավորվի հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող անձանց իրավունքների լիարժեք պաշտպանությունը և կբացառվի խտրականությունը նրանց նկատմամբ»: