Foto

Մենք չենք կռվում իշխանության համար, այլ պայքարում ենք Ազգի և Պետության ապագայի համար․ Դավիթ Անանյան

Դավիթ Անանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է

Մենք սկսեցինք միասնություն քարոզելով, որովհետև հավատում ենք, որ ժողովուրդը կարող է միայն համախմբված կերտել իր ապագան։ Դուք, սակայն, շարունակում եք քայլել բաժանարար գծերով, մասնատելով հանրային ուժը։
Մենք սկսեցինք բարիկադները քանդելով, որպեսզի վերանա միմյանց նկատմամբ թշնամանքը և բացվի առողջ մրցակցային երկխոսության ճանապարհը։ Դուք շարունակում եք անկյուններից քար նետելու վարքագիծը՝ հանրության մեջ սերմանելով ատելություն և թշնամական դիրքավորում։
Մենք սկսեցինք ապագան կառուցելու հստակ ծրագրերով, որոնք պիտի բերեն զարգացում ու վստահություն։ Դուք շարունակում եք տարածել վախ ու կասկած՝ խեղդելով մարդկանց նախաձեռնությունն ու հավատը։
Մենք խոսում ենք հանրային առողջացման և ներքին խաղաղության մասին, որովհետև միայն խաղաղ ու վստահ հասարակությունն է ստեղծարար։ Դուք շարունակում եք հայհոյել ու բանսարկություններ անել՝ թունավորելով հանրային մթնոլորտը։
Բայց մենք չենք շեղվելու։ Մենք շարունակելու ենք մեր միասնության քարոզը, մեր ներքին խաղաղության ձգտումը և բարիկադների քանդումը։ Որովհետև ունենք տեսլական՝ Հայրենիքը դարձնելու հզոր և զարգացող պետություն։ Որովհետև ունենք ուժ ու համառություն՝ անցնելու մինչև վերջ։ Որովհետև ունենք կամք՝ չվախենալու ոչ մի փորձությունից։ Եվ ամենակարևորը՝ ունենք անկեղծ սեր մեր Հայրենիքի և մեր ժողովրդի նկատմամբ։
Մեր ուղին դժվար է, բայց անշրջելի։ Քանի որ մենք չենք կռվում իշխանության համար, այլ պայքարում ենք Ազգի և Պետության ապագայի համար։