Գորիսի պետական քոլեջի տնօրեն Կարեն Լազարյանը հայտարարություն է տարածել՝ հորդորելով գործընկերներին և ուսանողներին վերադառնալ լսարաններ ու վերականգնել ուսումնական գործընթացը։
Նա մասնավորապես գրել է. «Մեծագույն ցավ ու ափսոսանք եմ ապրում, որ երեկ՝ հոկտեմբերի 7-ին, և այսօր՝ հոկտեմբերի 8-ի առավոտյան ժամերին գործադուլի և դասադուլի պատճառով, Գորիսի պետական քոլեջում խաթարված է ուսումնական գործընթացը։
Տեսնում եմ, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության համար՝ իրենց իսկ մեղքով հարյուրավոր ուսանողների ոտնահարված իրավունքը, արտառոցություն չէ։
Առանց որևէ վերապահումի համաձայն եմ գործադուլավորների և դասադուլավորների պահանջներին։
Այդ ամենից առաջ, սակայն, ինձ համար մեծագույն և անսակարկելի գաղափարն ուսանողների կրթական իրավունքի ապահովումն է, մանավանդ որ հարյուրավոր պատանիներ ու աղջիկներ մեզ հավատալով են սովորելու եկել Գորիսի պետական քոլեջ։
Ուստի և խնդրում–հորդորում եմ գործընկերներիս, իմ սիրելի ուսանողներին՝ հոկտեմբերի 8-ի այս ժամից, վերադառնալ լսարաններ ու վերականգնել ուսումնական գործընթացը, նաև առաջիկա շաբաթ օրը վերականգնել երեկվա բացթողածը։
Դուք հոկտեմբերի 7-ին՝ ԿԳՄՍ նախարարի խորհրդականի ներկայությամբ, անհամաձայնություն հայտնեցիք ստեղծվող քոլեջի տնօրենի ժ/պ–ի նշանակման վերաբերյալ նախարարի որոշմանը։
Ձեր իրավունքն է՝ հետայսու նույնպես գործել սեփական խղճի մտոք։
Բայց այս պահին դասապրոցեսը վերսկսելու համար որևէ խոչընդոտ չկա։
Հավատում եմ՝ խնդրանք–հորդորս չեք մերժի»։