Սյունիքի մարզի դատախազությունը 2025 թվականի ապրիլի 18-ին պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան` 2014 թվականի հուլիսի 4-ի աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով:
Մասնավորապես՝ Դատախազությունը հայցել էր անվավեր ճանաչել 2014 թվականի հուլիսի 4-ի աճուրդը և, որպես անվավերության հետևանք, անվավեր ճանաչել Սյունիքի մարզի Ալվանք բնակավայրի ղեկավարի 2014 թվականի հուլիսի 4-ի թիվ 19-Ա որոշումը, Ալվանք բնակավայրի և ֆիզիկական անձի միջև 2014 թվականի հուլիսի 9-ին կնքված՝ համայնքային հողամասի առուվաճառքի պայմանագիրը և 2017 թվականի մարտի 21-ին ֆիզիկական երկու անձանց անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:
Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի հոկտեմբերի 3-ին բավարարել է Սյունիքի մարզի դատախազության հայցը: Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Սյունիքի մարզի Մեղրի համայնքին կվերադարձվի Ալվանք բնակավայրում գտնվող՝ 0.8 հա մակերեսով հողամասը:
Հիշեցնենք, որ Մեղրի համայնքի Ալվանք բնակավայրի՝ 8․5 հա մակերեսով 10 հողամասերի վերաբերյալ աճուրդների ձևական լինելու փաստը հաստատվել էր Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քննված քրեական գործով կայացված դատավճռով:
Դատավճռի հիման վրա՝ դատախազը 2025 թվականի ապրիլի 17-ին, ապրիլի 18-ին և ապրիլի 23-ին վերոնշյալ հողամասերի աճուրդներն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջով հինգ հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան, որոնք ընդունվել են Հակակոռուպցիոն դատարանի վարույթ, կիրառվել են հայցի ապահովման միջոցներ։