Foto

Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող «ПАЗ»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս մահացել է

Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 11:40-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 61-ամյա Սամվել Ս.-ն իր վարած «ПАЗ» մակնիշի ավտոբուսով Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Սպիտակի վարչական տարածքում՝ կամարի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել հետիոտն, Լոռու մարզի բնակիչ 60-ամյա Ռիտա Ք.-ին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, փորձել է քաղաքացիների հետ օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, քաղաքացիներն ահազանգել են «Սպիտակ» բժշկական կենտրոն և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է հետիոտնի մահը:

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիականության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սպիտակի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

Վրաերթի մասին ոստիկանության Սպիտակի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի հանձն՝ ավտոբուսը տեղափոխվում է ոստիկանության Սպիտակի բաժնի պահպանվող հատուկ տարածք:  Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ավտոբուսը սպասարկում է Սպիտակ-Վանաձոր երթուղին: