Foto

Վիետնամում «Բուալոյ» թայֆունի զոհերի թիվը հասել է 51-ի

Վիետնամում առնվազն 51 մարդ է զոհվել և 14-ն անհետ կորել երկրի հյուսիսային և կենտրոնական հատվածներում մոլեգնած «Բուալոյ» թայֆունի հետևանքով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է Ամբարտակների կառավարման և տարերային աղետների կանխման գերտեսչությունը:

Գերտեսչության տվյալներով՝ թայֆունի հետևանքով զոհերի թիվը վերջին օրվա ընթացքում աճել է 15-ով՝ հասնելով 51-ի, ևս 14 մարդ մինչև հիմա անհետ կորած է համարվում, իսկ 164-ը ստացել է տարբեր վնասվածքներ: Հորդառատ անձրևների հետևանքով առաջացած սողանքներն ու հեղեղումները հանգեցրել են ավելի քան 172 հազար տների փլուզման կամ մասնակի վնասման, ևս 66 հազար տուն հեղեղվել է:

Տարերային աղետը հանգեցրել է 2,2 հազար գլուխ խոշոր եղջերավոր անասունների և 519 հազար ընտանի թռչունների անկման: Ջրի տակ են անցել և վնասվել գրեթե 89 հազար հեկտար գյուղատնտեսական հանդակներ, ինչպես նաև 50 հազար հեկտար անտառ:

Վիետնամի իշխանությունները թայֆունի պատճառած նյութական վնասը գնահատում են 16 միլիարդ դոնգ (ավելի քան 600 միլիոն դոլար):

Վիետնամի կառավարությունն անում է հնարավոր ամեն ինչ՝ նվազագունի հասցնելու տարերքի վնասը և հնարավորինս արագ կայունացնելու բնակչության կյանքը հեղեղման գոտում հայտնված  շրջաններում: