Foto

Կալանքը չափից դուրս շատ է կիրառվում․ պետք է գործեն զսպող մեխանիզմներ․ փաստաբան

Կալանավայրերում ազատ տեղերն օրըստօրե սպառվում են։ Գրեթե ամենօրյա ռեժիմով կարելի կարդալ, որ այս կամ անձի նկատմամբ ընտրվել է կալանք խափանման միջոցը կամ այն երկարացվել է։ Ե՞րբ է կիրառվում կալանքը, որտե՞ղ է իրավաչափության սահմանը։ Այս և թեմային վերաբերող այլ հարցերին Vesti.am-ի հետ զրույցում պատասխանել է փաստաբան Հակոբ Անանյանը։

-         Պարո՛ն Անանյան, ի՞նչ նպատակ է հետապնդում խափանման միջոցի ընտրությունը՝ ըստ քրեական դատավարության։

-         Առհասարակ խափանման միջոց կիրառվում է այն դեպքում, երբ կա մտավախություն, որ մեղադրյալը չի կատարի իր վրա դրված պարտականությունը։ Ըստ քրեական դատավարության օրենսգրքի՝ խափանման միջոցն անհրաժեշտ է, եթե կա մտավախություն, որ նա կարող է կատարել նոր հանցագործություն, կարող է խուսափել քննությունից, խոչընդոտել քննության ընթացքը և այլն։

-         Որքանո՞վ է նպաստում խափանման միջոցի կիրառումը նոր հանցագործությունների կանխմանը։

-         Իհարկե կարող են լինել իրավիճակներ, երբ անձը, ազատության մեջ մնալով, կատարի նոր հանցանք։ Սակայն այնպես չէ, որ եթե անձը կատարել է հանցանք՝ ազատության մեջ մնալով, պետք է էլի հանցանք կատարի։ Եթե այդ կանխավարկածով առաջնորդվենք, ապա բոլոր հանցանք կատարած անձանց նկատմամբ պետք է ընտրվի կալանք խափանման միջոցը։ Պետք է հաշվի առնենք, որ կան իրավիճակներ, երբ անձը հանցանք է կատարում անկախ իր կամքից՝ այս կամ այն իրավիճակում հայտնվելով։

-         Ինչպե՞ս է որոշվում, թե խափանման միջոցի ո՞ր տեսակը կիրառել՝ բացակայելու արգելք, տնային կալանք, վարչական հսկողություն և այլն։ Որոշողը բացառապես դատարա՞նն է, թե՞ քրեական դատավարության օրենսգիրքն ունի որոշակի սահմանումներ։

-         Ըստ օրենսգրքի՝ կան սահմանված խափանման միջոցների տեսակներ. դա կալանքն է և այլընտրանքային միջոցները։ Սակայն, ցավոք սրտի, հիմնականում, որպես խափանման միջոց ընտրվում է կալանքը։ Դատավարության օրենսգրքով՝ այլ մոտեցում պետք է ցուցաբերվի. և՛ դատարանը, և՛ վարույթն իրականացնող մարմինը պետք է առաջնորդվեն նվազագույնի սկզբունքով։ Վարույթ իրականացնող մարմինը, դատարան կալանքի միջնորդություն բերելիս, պարտավոր է հիմնավորել, որ այլ միջոցներն ի զորու չեն կանխել առկա վտանգը, դատարանն էլ, բավարարելիս, պետք է հիմնավորի նույնը։ Ցավոք, այսօր ըստ արժանվույն չի հիմնավորվում, թե ինչո՞ւ հենց կալանքն ընտրվեց։

-         Հաճախ կարելի է լսել, որ կալանքը կիրառվում է որպես պատժիչ մեխանիզմ։ Դրա մասին բարձրաձայնում են հենց օրենսդիր իշխանության ներկայացուցիչները, նույնիսկ որոշ իշխանական պատգամավորներ։ Արդյո՞ք սա ընդունելի մոտեցում է։

-         Կալանքը չի կարող հանդիսանալ որպես պատժիչ մեխանիզմ։ Պատիժը որոշվում է վճռով, սակայն, իրականում, այո՛, կան դեպքեր երբ կալանքը կիրառվում է, որպես պատիժ։ Այն դրսևորվում է, օրինակ՝ անձի նկատմամբ տևական ժամանակ կալանք կիրառելով, ինչը տպավորություն է ստեղծում, որ անձին պատժում են՝ առանց նրա հանցանքը հիմնավորելու։

-         Վերջին տարիներին կիրառելի է դարձել տնային կալանք խափանման միջոցը։ Սա որքանո՞վ է արդյունավետ և ի՞նչ խնդիր է լուծում։

-         Տնային կալանք ներդվեց նոր քրեական դատավարության օրենսգրքով։ Սա մի փոքր ավելի մեղմ միջոց է։ Տնային կալանքը հաշվարկվում է նույն կերպ, ինչ կալանքը՝ մեկ լիարժեք օր։ Անձի վրա պարզապես ամրացվում է տեխնիկական սարք և իրականացվում է հսկողություն։ Տնային կալանքի կիրառությունն ավելի ողջունելի է, քանի որ անձը գոնե տանն է, թեև՝ որոշակի սահմանափակումներով։ Տնային կալանքի ինստիտուտը ներդրվեց, որպեսզի քչացնի կալանավայրում պահվող անձանց թիվը, սակայն մենք տեսնում ենք, որ կալանքները նույն չափով պահպանվում են և ավելանում է տնային կալանքը։ Ցավոք, Հայաստանում կալանքը, որպես խափանման միջոց, չափից դուրս շատ է օգտագործվում, և սրա մասին են վկայում ՄԻԵԴ բազմաթիվ վճիռները և միջազգային հեղինակավոր կառույցների զեկույցները։ Կալանք խափանման միջոցի կիրառումը կարող է բողոքարկվել Վերաքննիչ և Վճռաբեկ դատարաններում, իսկ անձի իրավունքների սահմանափակման մասով՝ նույնիսկ ՄԻԵԴ-ում (Մարդու իրավունքների եվրոպական դատարան)։

-         Ինքներդ ինչ կարգավորումներ կառաջարկեք, որ կալանքների այսքան ոչ իրավաչափ կիրառում չլինի։

-         Պետք է մոտեցում փոխել հենց վարույթն իրականացնող մարմնում։ Պետք չէ, որ քննիչը գործերի մեծ մասով կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն ներկայացնի։ Հետո պետք է մեխանիզմներ ներդնել նաև դատարաններում՝ պետք է հիմնավորվի, թե ինչո՞ւ ավելի թույլ միջոցն ի զորու չէ լուծել առկա խնդիրը։ Օրենսդիրի խնդիրն է այս ամենը կարգավորելը և զսպող մեխանիզմներ ներդնելը։ Սակայն կարգապահական ձևով զսպող մեխանիզմներին ինքս կողմ եմ։

 

Հեղինակ: Աննա Ավետիսյան