Foto

Անդրես Ինիեստան նշանակվել է Արաբական Միացյալ Էմիրությունները ներկայացնող «Գալֆ Յունայթեդ» ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում

«Բարսելոնայի» և Իսպանիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Անդրես Ինիեստան նշանակվել է Արաբական Միացյալ Էմիրությունները ներկայացնող «Գալֆ Յունայթեդ» ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում։ Այս մասին հայտնում է էմիրաթական ակումբի մամուլի ծառայությունը սոցիալական ցանցերի իր էջերում։

Աշխատանքային պայմանագրի մանրամասները և ժամկետները դեռևս չեն հրապարակվում։ Հատկանշական է, որ սա Ինիեստայի առաջին աշխատավայրն է մարզչական կարիերայում։
Խաղային կարիերայի ընթացքում Անդրես Ինիեստան մեծագույն հաջողությունների է հասել «Բարսելոնայի» կազմում, որտեղ 9 անգամ հռչակվել է Իսպանիայի չեմպիոն, ինչպես նաև նվաճել է երկրի 6 գավաթ և 6 սուպերգավաթ։

Միջազգային ասպարեզում կատալոնական ակումբի հետ լեգենդար կիսապաշտպանը 4 անգամ դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող, 2 անգամ նվաճել ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը և 3 անգամ հաղթել Աշխարհի ակումբային առաջնությունում։

Կարիերայի վերջնամասում իսպանացի ֆուտբոլիստը հանդես է եկել նաև ճապոնական «Վիսել Կոբեում» և ամիրայական «Էմիրեյթսում»։ Իսպանիայի ազգային հավաքականի կազմում Ինիեստան դարձել է Աշխարհի չեմպիոն և Եվրոպայի կրկնակի չեմպիոն։

«Գալֆ Յունայթեդն» ընթացիկ մրցաշրջանում հանդես է գալիս ԱՄԷ-ի երկրորդ դիվիզիոնում։ Նախորդ մրցաշրջանի արդյունքներով թիմը մրցաշարային աղյուսակում զբաղեցրել էր 10-րդ հորիզոնականը։