Foto

Վարժական հավաքները պատի՞վ, թե՞ պատիժ

Ազգային ժողովում շարունակվում են քննարկումները կառավարության առաջարկած օրենսդրական փոփոխությունների շուրջ, որոնք վերաբերում են զինված ուժերի կազմում անցկացվող 25-օրյա վարժական հավաքներին։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը բարձրաձայնեց մի շարք խնդիրներ, որոնք խոչընդոտում են այս գործընթացի արդյունավետ կազմակերպմանը։
Պատգամավորի խոսքով՝ շատ քաղաքացիներ փորձում են խուսափել մասնակցությունից։ Դրա պատճառները բազմազան են․ առաջին հերթին՝ հասարակության մեջ առկա անվստահությունը պետական կառույցների և զինվորական համակարգի նկատմամբ։ Բացի այդ, սոցիալական ու աշխատանքային անպաշտպանվածությունը մարդկանց ստիպում է ընտրության առաջ կանգնել․ մասնակցե՞լ հավաքներին, թե՞ պահպանել իրենց աշխատանքային տեղը և ընտանիքի եկամուտը։ Հաճախ մարդիկ պարզապես չեն կարողանում իրենց թույլ տալ մեկ ամիս բացակայել աշխատանքից կամ թողնել ընտանիքը։

Ստացվում է, որ կառավարության առաջարկած օրինագիծը ոչ թե փորձում է լուծել արդեն իսկ առաջ եկած այս խնդիրները կամ փարատել դրանք, այլ նախատեսում է խստացնել պատժամիջոցները՝ Քրեական օրենսգրքով սահմանված պատասխանատվությունը ուժեղացնելով։ Այսինքն իշխանությունը կրկին հավատարիմ է մնում իր որդեգրած քաղաքականությանը և առաջ եկած խնդիրները փորձում է հարթել ոչ թե բարեփոխումների կամ խրախուսանքի միջոցով, այլ՝ պատժիչ մեխանիզմների, որոնք երբեք համակարգերի վրա դրական ազդեցություն չեն թողնում։ Այսինքն՝ համակարգում առկա խնդիրների մասին բարձրաձայնելուց հետո՝ պետությունը ոչ թե ձեռնամուխ է լինում դրանք կարգավորելուն, բարեփոխելուն, այլ՝ մտածում է մեխանիզմ, որպեսզի քաղաքացին, հավաքի մասնակիցը ստիպված լինի անել այնպես, ինչպես ինքը պարտադրում է՝ հստակ գիտակցելով, որ այդ կերպ որակական փոփոխություն չի առաջանա։

Տպավորություն է, որ վարժական հավաքները ոչ թե բանակի մարտունակության համար են, այլ՝ քաղաքական ճնշման գործիք։ Ոչ վաղ անցյալում, ովքեր մասնակցում էին գործող իշխանության հեռացման պահանջով բողոքի ցույցերին, ակցիաներ էին կազմակերպում, նրանց վարժական հավաքների էին կանչում։ Այսինքն բանակին ծառայելը, պետական սահմանը պաշտպանելը դառնում է պատիժ, այնինչ դա պետք է լինի պատիվ։ Երբ նպատակները սխալ կիրառություն են ստանում, համակարգի հիմքերն են խարխլվում։ Կա նաև սոցիալական անարդարության խնդիր։

Գեղամ Մանուկյանի խոսքով՝ իրենց դիտարկումները վկայում են այն մասին, հատկապես գյուղական համայնքների բնակիչներն են հաճախ մասնակցում հավաքներին։ Սա ոչ միայն սոցիալական անարդարության խնդիր է առաջացնում, այլև ավելի մեծ բեռ դնում գյուղացիական տնտեսությունների վրա, որտեղ աշխատուժի յուրաքանչյուր կորուստ զգալի հետևանք է թողնում։ Իսկ Երևանի բնակիչների շրջանում խուսափելու դեպքերը շատ ավելի տարածված են։ Եթե վարժական հավաքների կազմակերպման գործընթացում խնդիրները շարունակեն մնալ առանց լուծման, ապա առաջանալու են մի շարք վտանգավոր հետևանքներ․

Հասարակական դժգոհության աճ՝ քաղաքացիների մոտ ձևավորվելու է համոզմունք, որ իշխանությունը փորձում է ճնշել իրենց պատժամիջոցներով՝ առանց հաշվի առնելու սոցիալական և աշխատանքային իրականությունը։ Սա կարող է հանգեցնել հավաքների նկատմամբ բացահայտ դիմադրության։
Վստահության կորուստ բանակի նկատմամբ՝ եթե հավաքները ընկալվում են ոչ թե որպես կրթական-վարժողական գործընթաց, այլ որպես պարտադիր ծառայության նոր ձև, ապա կուժեղանա դժգոհությունը զինված ուժերից և կնվազի քաղաքացիների պատրաստակամությունը՝ մասնակցել պաշտպանական ծրագրերին։
Տնտեսական խնդիրներ՝ հատկապես գյուղական համայնքներում աշխատուժի ժամանակավոր բացակայությունը կարող է վնաս հասցնել գյուղատնտեսությանը։ Աշխատավարձից զրկված քաղաքացիներն է՛լ ավելի մեծ սոցիալական ճնշման տակ կընկնեն։
Քաղաքական շահարկումների վտանգ՝ եթե շարունակվեն պատմությունները քաղաքական հրահանգներով զորակոչերի մասին, ապա վարժական հավաքները կդառնան ներքաղաքական պայքարի գործիք, ինչն էլ ավելի կխաթարի դրանց հիմնական նպատակը։

Վարժական հավաքները կարող են դառնալ պետության անվտանգության կարևոր բաղադրիչ, եթե դրանք իրականացվեն թափանցիկ, արդար և սոցիալական պատասխանատվությամբ։ Սակայն պատժի խստացումն առանց հիմնական պատճառների վերացման չի լուծի խնդիրը։ Հակառակը՝ այն կարող է խորացնել հասարակության մեջ անվստահությունը և նվազեցնել հավաքների արդյունավետությունը։ Արդյունքում կորցնելու ենք բանակի դերի կարևորությունը։

 

Հեղինակ: Աննա Ավետիսյան